ՄՄ-ի հետ Հայաստանի ընդհանուր սահմանի հարցն օրակարգում չէ, քանի որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ընդամենը խոսք է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Միխեևը ՝ անդրադառնալով ՄՄ երկրների և ՀՀ-ի միջև ընդհանուր սահմանի բացակայությանը:
Նա նշեց, որ ՌԴ-ում դեռևս ոչ մի տարբերակ չի քննարկվում, որովհետև մենք դեռևս չգիտենք՝ արդյոք Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը վերջնակա՞ն է: Ըստ նրա՝ լսել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, սակայն դա դեռևս խոսք է, այն առայժմ փաստաթղթերով հաստատված չէ, դեռևս կոնսենսուս էլ չի ձևավորվել խորհրդարանի և նախագահի միջև, ուստի ՄՄ-ն դեռևս չի ստացել ՄՄ-ին միանալու Հայաստանի հայտը և չի քննարկել դա:
«Այսօր խոսել ընդհանուր սահմանի և հստակ հարցերի մասին՝ դեռ վաղ է: Դա բավականին երկարաժամկետ գործընթաց է՝ մեկ կամ երկու ամսվա ընթացքում կարգավորվող և լուծվող հարց չէ: Պետք է կոնսենսուս լինի նաև ՄՄ անդամ երեք երկրների միջև: Ես կարծում եմ, որ այդ հարցերը դեռ վաղ է քննարկել, և դրանք չեն էլ քննարկվում:
Ինչ վերաբերում է ընդհանուր սահմանին, ապա ՄՄ-ն քաղաքական միավորում չէ, այլ տնտեսական, որի համար պարտադիր չէ ունենալ ընդհանուր տարածք, թեև շատ լավ կլիներ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվեր ցամաքային հաղորդակցություն: Ես կարծում եմ, որ տեսականորեն այդ հարցը կարող է լուծվել»,- մեկնաբանեց Սերգեյ Միխեևը:
Նրա խոսքով՝ Վրաստանում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, սկսվել են կարգավորվել ՌԴ-Վրաստան հարաբերությունները, և չի բացառվում, որ որոշ ժամանակ անց ընդհանուր սահմանի հարցը Վրաստանի միջոցով լուծվի: Նա չի բացառում նաև, որ կբարձրանա Աբխազական երկաթուղու կամ ավտոճանապարհի հարցը. «Ով գիտե, շատ տարբերակներ կարող են լինել ժամանակի ընթացքում»:
«Տեսականորեն Աբխազական երկաթուղին բեռնատարային տարբերակով որոշ ժամանակ անց կարող է վերականգնել իր աշխատանքը: Այս ծրագիրը դեռ քննարկվում է»,- նկատեց նա:
Սերգեյ Միխեևը նաև նշեց, որ Հայաստանը պատրաստվում էր ԵՄ-ի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ ԵՄ-ի հետ չունենալով ընդհանուր սահման, բայց ոչ ոք չէր ասում, որ նման համաձայնագիրը հնարավոր չէ: «Ահա և վերջ, ընդհանուր սահման անհրաժեշտ էլ չէ, որովհետև խոսքը առևտրի մասին է, տնտեսության մասին, ոչ թե ռազմաքաղաքական համագործակցության: Խոսքը մեկ ընդհանուր պետության ձևավորման մասին չէ. մեկ պետությունն է, որ պետք է մեկ տարածք ունենա, իսկ ընդհանուր սահմանի բացակայությունը չպետք է խոչընդոտ համարել: Իհարկե, ցանկալի է ընդհանուր սահմանը, բայց ոչ պարտադիր»,- նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետը:
Անդրադառնալով ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆյուլեի գնահատականներին, թե՝ ԵՄ գործընկերների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, նա ասաց՝ նայած որ դիրքից նայես այդ հարցերին:
«Ստացվում է, որ նրանք խոսում են տնտեսությունից, բայց իրականում խոսքը Հայաստանի հետ քաղաքական համագործակցության մասին է, իսկ եվրոպացիները կոշտ գնահատականներով են հանդես գալիս, քանի որ ԱՀ/ԽՀԱԱԳ-ն քաղաքական պրոյեկտներ են՝ իրենց ազդեցությունը հաստատելու համար: Նրանք այն տրամաբանությամբ են գործում, թե ՌԴ-ն թշնամի է, որին պետք է միշտ ճնշման տակ պահել»,- ասաց նա:






































