Պաշտոնական Երևանը Եվրոպայի հետ պայմանավորվելու հարցում նման համառություն երևի թե նույնիսկ Ասոցացման գործընթացի «ոսկեդարում» էլ չէր դրսևորում, երբ երդվում էր նախաստորագրել համաձայնագիրը: Ներկայումս Հայաստանի իշխանությունն այնպիսի ինտենսիվությամբ է փորձում համոզել Եվրոպային նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրն ինչ-որ կերպ գոնե, որ թվում է՝ ոչ թե Սերժ Սարգսյանն է Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարել, այլ, ասենք, Բարոզուն կամ Շտեֆան Ֆյուլեն, և հիմա Հայաստանն ուզում է նրանց հետ պահել:
Իրավիճակը բավական զավեշտալի կամ զվարճալի կլիներ, եթե խոսքը չվերաբերեր Հայաստանի ճակատագրին և դրան սպառնացող վտանգներին: Ըստ որում՝ Երևանի պահվածքը վկայում է, որ իրականում հայտարարությունները, թե Մաքսային միության ընտրությունը բխում է Հայաստանի շահերից և անվտանգության խնդիրներից, նույնիսկ հենց այդ հայտարարությունների հեղինակների համար անգամ հավաստի և վստահելի չեն: Այսինքն՝ իշխանությունները բոլորից լավ գիտեն, որ Մաքսային միությունն ու Հայաստանի անվտանգությունը ոչ միայն իրար մոտ, իրարից բխող իրողություններ չեն, այլև նույնիսկ հակառակ բևեռներ են: Հակառակ դեպքում անվտանգության հարցերը լուծած իշխանությունները նման ինտենսիվությամբ չէին փորձի սիրաշահել Եվրամիությանը: Այսինքն՝ իշխանությունների գործողությունները վկայում են, որ իրականում անվտանգության խնդիրները նոր են առաջանում, ոչ թե լուծվում են: Եվ այսօր գլխավոր հարցերից մեկը դարձել է այն, թե արդյոք իշխանություններին կհաջողվի՞ համոզել Արևմուտքին՝ պահպանել Հայաստանի հետ հարաբերություններն այն մակարդակի վրա, որին փորձում էին հասցնել դրանք վերջին տարիների ընթացքում՝ առաջին հերթին Արևմուտքի նախաձեռնությամբ:
Շտեֆան Ֆյուլեն Երևանում է, և նա հանդիպելու է Սերժ Սարգսյանի հետ: Այս փաստը հուշում է, որ Եվրամիությունն այնուհանդերձ տեսնում է շարունակության ինչ-որ ելքեր: Ավելին՝ ամենայն հավանականությամբ, հենց այս հանդիպման համար էր սեպտեմբերի 3-ից անմիջապես հետո Էդվարդ Նալբանդյանը շրջում Եվրամիության տարածքում և փորձում մեղմել Հայաստանի հանդեպ վերաբերմունքը, որպեսզի Ֆյուլեն չհետաձգի իր այցը Երևան: Եվ եթե Ֆյուլեն այնուհանդերձ համաձայնել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, դա հիմք է տալիս ենթադրելու, որ Եվրամիությունն ինչ-որ տարբերակներ տեսնում է:
Սակայն այս ամենը Հայաստանի անվտանգության հետ կապելն արդեն հարաբերական է: Հարաբերական է այն տեսանկյունից, որ իրականում հստակ հայ-եվրոպական օրակարգի փոխարեն ներկայումս գործ ունենք բավականին լղոզված մի իրողության հետ, երբ ձևն արդեն առաջնային է դարձել բովանդակությունից: Իսկ անվտանգության ամենակարևոր գրավականներից մեկը՝ ցանկացած հարցում, օրակարգն ու խնդիրների առաջնահերթությունն է: Եթե այդ ամենը չկա, ապա անվտանգության մասին խոսելն անիմաստ է, քանի որ հստակ չեն դառնում արդեն վտանգները՝ ուղղակի կամ քողարկված:
Օրակարգերը հենց մարտահրավերների և վտանգների գիտակցման վկայությունն են: Օրակարգերն են հուշում, թե հարաբերությունների սուբյեկտները ինչ վտանգներ ու մարտահրավերներ են տեսնում, և արդյոք այդ առումով նրանց հայացքները նույնակա՞ն են, որովհետև դրանից է կախված նաև այն պոտենցիալը, որ նրանց հարաբերությունը կարող է ունենալ տնտեսական, քաղաքական և ռազմական անվտանգության հարցերի համալիր լուծման առումով: Իսկ եթե որևէ հարաբերության գլխավոր խնդիրը անվտանգության այդ համալիրը չէ, ապա այդ հարաբերությունը որևէ արժեք չի կարող ունենալ: Լավագույն վկայությունը, ի դեպ, հենց հայ-ռուսական հարաբերությունն է:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































