Խորհրդարանի մեծամասնությունը, անկախ նրանից՝ Մաքսային միությանն անդամակցության ինչ փաթեթ կբերվի խորհրդարան՝ ինչ բովանդակությամբ, եթե հրահանգված է քվեարկել կողմ, հենց այդպես էլ կքվեարկվի: Սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ այս մասին նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Այս պահին Մաքսային միության փաթեթ դեռ գոյություն չունի, ընդամենը կա քաղաքական որոշում՝ Մաքսային միությանը անդամակցելու: Կարելի է խնդիրը հանրաքվեի դնել, հանրության կարծիքը լսել: Մեզ համար եվրոպացի գործընկերների հնչեցրած մտահոգությունները հասկանալի են. չորս տարի բանակցել ենք բացարձակապես այլ ալյանսի հետ համագործակցության ուղղությամբ, և մենք բոլորս, այդ թվում և կոալիցիան ներկայացնող ուժերը, տեղեկանում ենք լրիվ այլ համագործակցության որոշման մասին»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ ինքն անձնապես շահագրգռված է, որ ԵՄ հետ մեր երկխոսությունը չընդհատվի: Նրա խոսքով՝ արդեն հասկանալի է, որ Ազատ առևտրի համաձայնագիրը նախկին ձևաչափով չի ստորագրվի, սակայն եվրոպական մեր հեռանկարը վերջնականապես չվտանգելու համար օրակարգում պիտի մեկ այլ փաստաթուղթ դրվի: ԲՀԿ խմբակցությունում Հայաստանի՝ ՄՄ անդամակցության հարցը չի քննարկվում, քանի որ նրա բովանդակությունը դեռ անհայտ է, իսկ խոսել մի փաստաթղթի մասին, որն ընդամենը քաղաքական դեկլարացիայի մակարդակով որոշում է, ԲՀԿ-ին հարիր չէ. երբ կլինի փաստաթուղթ, խմբակցությունում կորոշեն՝ որքանով է այն համահունչ մեր երկրի կենսական խնդիրներին: ԲՀԿ-ի համար, սակայն, միանշանակ է՝ այս համագործակցությունը ԼՂ հարցին որևէ կերպ չպիտի վնասի: Խմբակցությունում համոզված են՝ կարելի էր բանակցությունները վարել երկու կողմի հետ՝ չհասցնելով մի կետի, երբ մեկի ընտրությունը կարող էր առաջացնել նման դրություն: «Մենք՝ որպես վստահելի գործընկեր, կորցրինք մեր իմիջը, այլևս չենք դիտվում որպես վստահելի գործընկեր տարբեր պետությունների, տարբեր երկրների համար: ԵՄ հետ համագործակցության տարբերակներ, ճանապարհներ կգտնվեն, դա նաև ԵՄ շահերից է բխում, սակայն այլ է հարցը, երբ դու այլևս չես համարվում վստահելի գործընկեր»,- ասաց Զոհրաբյանը՝ կատակով նկատելով, որ գործընկերների կողմից առաջարկ է եղել ԱԺ իր ղեկավարած Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը վերանվանել «Եվրասիական միության հետ ինտեգրման հանձնաժողով»: Իշխանության հետ ԲՀԿ-ի կոալիցիա կազմելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ կոալիցիայի մաս կազմելու խնդիր ԲՀԿ օրակարգում չկա:








































