«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։
– Պարոն Բադասյան, մայիսյան եռատոնին նվիրված Հայաստանում և Արցախում անցկացված տոնական միջոցառումներին զուգահեռ ուզում եմ անդրադառնանք մեր Զինված ուժերում առկա խնդիրներին։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ վրա հատկապես պետք է կենտրոնանալ, որո՞նք են առաջիկայում մեզ սպասվող մարտահրավերները։
– Ես այդ տոնակատարություններին ուրախ չեմ եղել։ Ի՞նչ է նշանակում՝ Շուշին ազատագրողները, որոնցից շատերը թոռնատեր են արդեն և մեծ լումա են ունեցել Շուշին ազատագրելու գործում, այսօր բանտերում են։ Եթե նրանք կատարել են հանցագործություն ու պատժվում են՝ ես էլի գոհ չեմ։ Ինչո՞ւ է ազգի հերոսը կատարել այդ արարքը, ինչո՞ւ է ըմբոստացել հանրապետության իշխանության դեմ։ Ովքեր են այսօր եկել տոնախմբությունների։ Լավ է, որ ես այդ օրը Ստեփանակերտում չեմ եղել, իսկ այսօր առավոտյան մտա Ստեփանակերտ և ուղղակի զզվանք ապրեցի որոշ դեմքեր տեսնելով։ Ինչո՞ւ պետք է ազգի հերոսը լինի բանտում, իսկ հայրենիքը քանդող մարդիկ տոնեն Շուշիի ազատագրման 25-ամյակը։ Շատ վատ երևույթ է։ Եթե նույնիսկ մեր ժողովուրդը հերոս գտնվի.. բայց ո՞վ կուզի հերոս գտնվի, եթե իմանա, որ իր ընտանիքի անդամները հալածվելու են։ Այսօր «Սասնա ծռերի» ընտանիքի անդամները հալածվում են։ Սա ի՞նչ է նշանակում, մենք պատերազմի մեջ ենք, իսկ հերոսներին հալածում են։ Անօրեն ձերբակալություններ, երկրի տնտեսական կյանքում ավերածություններ՝ սրանք են մարտահրավերները։ Ինչո՞ւ են Ազգային ժողովում հայտնվել մարդիկ, որոնք որևէ կապ չունեն խորհրդարանի հետ և միայն կոճակ սեղմողներ են։ Ում են ինչ ուզում ապացուցել. սա է մեր ազգային անվտանգության կարևոր հայեցակարգերից մեկը։ Երկրի ղեկավարը, քաղաքական իշխանությունը պետք է պետականամետ լինի, ոչ թե եսասեր ու եսակենտրոն։ Իսկ այսօրվա իշխանությունները թալանում են միայն իրենց համար։ Մի օրինակ ասեք իշխանության մեջ, որ այդպես չի անում՝ իհարկե, չկա։ Ծայրից ծայր բոլորն այդպես են անում։ Իսկ որոշ մարդիկ, որոնք նախկինում ազնիվ են եղել, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ են եղել, այսօր ՀՀԿ-ին կից կոալիցիոն նախարարներ են ու թալանում են։ Մենք էլի մնում ենք ռամիկի հույսին, ռամիկը պետք է զոհվի, զոհվելու դիմաց պետք է երկաթի կտոր ստանա որպես երախտագիտության նշան, ընտանիքն էլ սուգը սգա։ Իշխանավորներն էլ թալանեն երկրի ընդերքը։ Հետո էլ տեսնում են՝ էլ բան չկա ծախելու, ծախում են երկրի ինքնիշխանությունը։ Սա է կարևոր մարտահրավերը, որի առաջ մենք կանգնած ենք։ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ թշնամի են, բայց թուրքի համար անմարսելի թշնամին միայն հայն է, մարսեց ասորիներին, բյուզանդացիներին, բայց հային չմարսեց։ Նա հայով խայտառակ եղավ, հայը չհանձնվեց։ Թուրքը մեր ոխերիմ թշնամին է։ Բայց այսպես մենք ո՞ւր ենք գնալու՝ հանձնվելո՞ւ, թե՞ թուրքին ձուլվելու։ Ադրբեջանն անցած տարի հարձակվեց թույլ Հայաստանի վրա։ Այսօր նա ո՞ւմ վրա է կրակում, ո՞ւմ զինվորին է սպանում՝ թույլ Հայաստանի ուժեղ զինվորին, բայց եթե վախենա՝ չի կրակի, չի սպանի։ Այս ամենը միշտ ասել եմ. եթե ես 7 երգ գիտեմ՝ 7-ն էլ այս մասին է։
– Զինված ուժերում տեղի ունեցող փոփոխություններն արդյոք բավարա՞ր են խնդիրները լուծելու համար։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում պաշտոնանկություններ են հնարավոր, հնարավոր է նաև պաշտպանության նախարարի փոփոխություն։ Բայց արդյոք կադրային փոփոխությո՞ւնն է խնդիրը։
– Ես փոխվելու մասին տեղեկություններ չունեմ, բայց փոփոխություններն անհրաժեշտ են համակարգում։ Ես կառաջարկեի կրճատել ռազմական ոստիկանությունը, որը ոչ թե կույրաղիք է, այլ պայթած կույրաղիք։ Բոլորն այնտեղ բոյով-բուսաթով առողջ ու խելացի տղաներ են, ովքեր ստիպված քանդում ու խեղաթյուրում են բանակը։ Լավ կլինի, որ նրանք որպես սպա ծառայեն առաջնագծում։ Նրանք մարմնով էլ խոշոր են, վտիտ տղաների փոխարեն թող նրանք գնան առաջնագիծ։ Եթե այսպիսի բան արվի՝ ես նախարարի ճակատը կհամբուրեմ։ Իսկ այն, ինչ որ այսօր առաջարկվում է, վաղուցվանից գոյություն ունեցող բան է։ Համակարգային փոփոխության համար անհրաժեշտ է, որ Շարմազանովի ու Աշոտյանի նման չծառայած մարդկանց որդիները ծառայեն։ Եթե նրանք ուրիշ ծառայություններ են մատուցել իշխանություններին, գոնե թող նրանց որդիները ծառայեն՝ իմ ու քո չանեն։ Բանակին հաղթելու համար երեք բան է պետք՝ հաց, զենք և ոգի։ Եթե հարցնեն երեքից որ երկուսն է կարևոր՝ ապա ոգին ու զենքը, իսկ եթե որ մեկը՝ ապա զենքը չէ, ոգին։ Ոգին պահելու համար արդարություն է պետք, առանց արդարության ոգի չի լինի։ Դու չես կարող ռամիկի որդուն տանես առաջնագիծ՝ հակառակորդը խփի, ու դու ասես՝ խփեց, տանենք թաղենք։ Արդյունքն էլ այն է, որ արու զավակի 12 տարին լրանում է՝ արտագաղթում են, ու առաջնագիծը մնում է դատարկ։ Մեզ ժամանակակից զենք պետք չէ՝ ռագատկա էլ լինի, բավարար է, մենք ոգի ունենք, բայց այդ ոգին պահելու համար արդարություն է պետք։
– Արդյոք մեր խնդիրներից մեկն էլ այն չէ՞, որ մեր կախվածությունը Ռուսաստանից անընդհատ ավելի է ուժեղանում։ Ընդհուպ մինչև հասել է այն աստիճանի, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարում է, որ Գյումրու 102-րդ ռազմաբազան կարող է օգտագործվել ԻՊ-ի դեմ պայքարի համար։
– Իհարկե, ես համամիտ եմ, որ դա խնդիր է։ Ասում է՝ ի՞նչն է մտնում բանջարաբոստանային կուլտուրաների մեջ, պատասխանել է՝ եթե ցանկապատ չլինի, էշն էլ կմտնի, կովն էլ, ոչխարն էլ։ Հիմա մենք մեր ինքնիշխանության վրա ցանկապատ չունենք։ Մեր ինքնիշխանությունն անցանկապատ է։ Ով ուզես՝ կմտնի, ինչ ուզես՝ կանի, Ռուսաստանը չլինի՝ Եվրոպան կմտնի։









































