Շատ շուտով Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունները կրկին ստորագրելու են համագործակցության հուշագիր: Սա ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի չորրորդ կոալիցիոն համագործակցությունն է լինելու, բայց երկրորդն է, երբ միայն այդ երկու կուսակցություններն են կոալիցիա կազմում: Առաջին համագործակցությունը եղել է 2003թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երբ ՀՀԿ-ն կոալիցիա կազմեց ոչ միայն ՀՅԴ-ի, այլև «Օրինաց երկիր» կուսակցության հետ: Հաջորդ կոալիցիան կազմվեց 2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երբ վերը նշված երեք կուսակցություններին միացավ նորաստեղծ «Բարգավաճ Հայաստանը»: 2009թ., սակայն, ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից՝ պատճառաբանելով հայ-թուրքական հարցում իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունները: Եվ մինչև 2016թ. փետրվարը ՀՅԴ-ն մնաց ոչ իշխանական կուսակցություն:
Իսկ անցած տարի արդեն ՀՅԴ-ն երկար սպասելուց հետո վերջապես իշխանությանը մաս կազմելու պատճառ գտավ՝ սահմանադրական փոփոխությունները և խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու հանգամանքը: Եթե սահմանադրական փոփոխությունները չլինեին, դժվար էր ասել, թե այդ կուսակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար ինչ պատճառաբանություն պետք է բերեր: Իսկ սահմանադրական փոփոխությունները, ինչպես գիտենք, իշխանությունները հատուկ ՀՅԴ-ին կոալիցիա բերելու համար չարեցին: Դա արեցին իշխանության պահպանման հեռանկարի համար, արդյունքում բերեց նաև ՀՅԴ-ի բախտը:
Անցած տարի փետրվարի 24-ին մեծ շուքով նախագահականում ստորագրվեց այդ համագործակցության հուշագիրը, որը որոշակի պարտավորություններ ստանձնեց: Օրինակ՝ «ամրապնդել ՀՀ և Արցախի անվտանգությունն ու ժողովրդավարական կայունությունը՝ ապահովել երկրի արագընթաց զարգացումը, բարելավել հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը»: Ապահովվե՞լ է դա: Բավական է միայն հիշել, որ դրանից ընդամենը մեկ ամիս հետո տեղի ունեցավ ապրիլի 2-ի քառօրյա պատերազմը: Ընդ որում, ՀՅԴ-ն կուսակցական կառույց ունի նաև Արցախում: Իսկ արդեն հուլիսին Հայաստանում տեղի ունեցան «Սասնա ծռերի» իրադարձությունները: Այս երկու իրադարձություններն էլ շատ բացասաբար ազդեցին մեր երկու երկրների թե անվտանգության, թե արտաքին և թե ներքին խնդիրների վրա:
Հաջորդը՝ «գործադրել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն և գործնականում երաշխավորել ազատ ձեռներեցությունը, տնտեսական գործունեությունն ու մրցակցությունը»: Մեր երկրում խարխլվե՞լ են մենաշնորհների հիմքերը, ազատականացվե՞լ է լայն սպառման ապրանքների ներկրման մոնոպոլիան: Կարող ենք ընդամենը հիշել բանանի ներկրման մենաշնորհը, որը պատկանում է արդեն ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին: Մեր երկրում բանանը գրեթե կրկնակի թանկ է, քան, օրինակ, բանան ներկրող Վրաստանում կամ Ռուսաստանում: Խորհրդարանական ընտրություններից առաջ մեկ-երկու ամսով նա ընդամենը 100 դրամով էժանացրել էր բանանի գինը, բայց ընտրություններից անմիջապես հետո նորից բարձրացրեց:
Եվս մեկ օրինակ՝ վերջերս մենք հրապարակել էինք, որ լայն սպառման բազմաթիվ ապրանքների մենաշնորհատեր Սամվել Ալեքսանյանը ամսական 5000 դոլար է խոստացել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, որպեսզի նա հրաժարվի հավի բուդ ներկրելու մտադրությունից: Հավի բուդը Ս. Ալեքսանյանն է ներկրում:
Իսկ ՀՅԴ-ն վերը նշված և նման այլ երևույթների դեմ իրական պայքար չի մղում: Եվ ի՞նչ նոր հուշագիր պետք է ստորագրի այսօր կամ վաղը: Կամ ստորագրում է, որ ի՞նչ անի: Հատկապես որ դասական առումով ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չունի՝ ԱԺ-ում մեծամասնություն է կազմում:
«Կոալիցիան բոլորովին այլ խնդիր է լուծում՝ ապահովել Սերժ Սարգսյանի՝ 2018թ. ապրիլից հետո ծրագրված քայլերի իրականացումը: Քանի որ նա մի քանի անգամ արդեն ակնարկել է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, հակառակը՝ մնալու է տարբեր կարգավիճակներով, այդ թվում նաև՝ վարչապետի կարգավիճակով: Այդպիսով բոլոր այն գործոնները, որոնք կարող են նպաստել այդ ծրագրին, գործի են դրվում: Դրա մեջ մտնում են ընտրություններն ու ընտրությունների արդյունքները: Նա նաև Երևանի ավագանու ընտրություններն է օգտագործում, որ Երևանում ունենա իր թիմակցին: Նաև կառավարությունում նշանակվում են նախարարներ, որոնք ճիշտ է, դե յուրե ենթարկվում են վարչապետին, բայց դե ֆակտո Ս. Սարգսյանինն են: Եվ այս հուշագիրը նախորդի նման լինելու է ընդամենը նախագահի ծրագրերի PR պաստառը»,- մեզ հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
ՀՅԴ-ն երբ էլ կոալիցիայի մեջ է եղել, միշտ որոշակի քննադատական դիրքորոշումներ է դրսևորել իշխանությունների նկատմամբ: Եվ միշտ էլ հայտարարել է, թե ինքը ամբողջական պատասխանատվություն չի կրում երկրում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական վատ իրավիճակի և այլ բացասական երևույթների համար, քանի որ ընդամենը մի քանի նախարարական պորտֆելներ է ունեցել և մեծ ազդեցություն չի ունեցել վարվող քաղաքականության վրա:
Հիմա արդեն նոր հուշագրի ստորագրմանն ընդառաջ՝ ՀՀԿ-ն հակադարձում է, որ անկախ այն հանգամանքից, թե ՀՅԴ-ին քանի պորտֆել կտա, այդ կուսակցությունն իր հետ հավասար պատասխանատու է լինելու Հայաստանում կատարվող դրական և բացասական իրադարձությունների համար:
«Եթե դու անգամ մեկ նախարար կամ փոխնախարար ես ունենում, դու պատասխանատվություն ես կրում ողջ կառավարության գործունեության համար: Հասկանալի է, որ նման կեցվածքով ՀՅԴ-ն փորձում է իր դեմքը պահպանել՝ ցույց տալով, որ ինքնուրույն ուժ է: Եվ ՀՀԿ-ն շատ ճիշտ է անում, որ ժամանակին նաև ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին էլ ամբողջական պատասխանատու էր համարում: Իսկ հիմա եթե ԼՂ հարցում հայկական կողմը ինչ-որ զիջումների գնա, դրա պատասխանատվությունը ՀՅԴ-ն նույնպես կրելու է: Կրելու է նաև մենաշնորհների, չկայացած դատական համակարգի, արտագաղթի պատասխանատվությունը»,- հավելում է Ա. Բադալյանը:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ ՀՅԴ-ն իշխանությունների հետ հակասության պատճառ էր համարում Ցյուրիխյան արձանագրությունները: Նրանք պահանջում էին ետ կանչել ստորագրություններն այդ փաստաթղթերից, ինչը չարվեց: Ընդամենը դրանք ՀՀ ԱԺ-ից ետ կանչվեցին:
«Ցյուրիխյան արձանագրություններն այս պահին էլ ունեն այն կարգավիճակը, ինչ ունեին 2009-ին, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից: Պարզապես ԱԺ շենքից տեղափոխվել է ԱԳՆ-ի շենք: Եվ եթե ՀՅԴ-ն սկզբունքային գտնվեր, նա անցած տարի էլ կոալիցիա չէր կազմի: Այո, կոալիցիայի մեջ չգտնվելու տարիներին նրանք դասեր քաղեցին և տեսան, որ ավելի լավ է լինել իշխանություն և փող աշխատել, քան լինել ընդդիմություն և անփող մնալ»,- եզրափակեց Ա. Բադալյանը:










































