Ըստ ամենայնի, Խորհրդային միությունում սխալ էին հասկացել հաղթանակի իմաստը գլոբալ առումով: Բայց ավելի հակված եմ կարծել, որ գաղափարական կաղապարներից և խորհրդային ռեժիմի ամբողջատիրական բնույթից ելնելով` ոչ թե չի հասկացվել, այլ միտումնավոր ձևախեղվել է հաղթանակի բովանդակությունը: Հակառակ պարագայում` հաղթանակի հետևանքը, Հիտլերի նացիստական իշխանության տապալումից հետո, պետք է հանգեցներ Ստալինի նույնքան տոտալիտար ու վտանգավոր համայնավար ռեժիմի տապալմանը:
Հաղթանակը միայն այն չէ, ավելի շուտ` բնավ էլ այն չէ, ինչ ձեռք է բերվում ռազմի դաշտում, պատերազմում: Հաղթանանակը բովանդակություն, ինստիտուցիոնալ արժեք, զարգացման վեկտոր դառնում է հենց հետպատերազմյան խաղաղության տարիներին:
ԽՍՀՄ-ը գուցե ամենամեծ ներդրումն ունի նացիստական Գերմանիայի պարտության հարցում, սակայն, հեռանկարի իմաստով, նա պարտվել է, ի վերջո` վերանալով աշխարհի քաղաքական քարտեզից:
Խորհրդային կայսրությունում հաղթանակը սեփականվեց կուսակցական էլիտայի կողմից, դարձավ գաղափարական պատնեշ սովետների երկրի ու քաղաքակիրթ աշխարհի միջև, վերածվեց շքերթների ու հուշարձանների, սակայն չդարձավ մարդու, քաղաքացու ազատության և բարեկեցության ակունք, ժամանակակից և արդյունավետ կառավարում: Ու պատահական չէ, որ պատերազմում ամենամեծ զրկանքները կրած երկիրը տասնամյակներ անց պարտվեց` չդիմանալով մրցակցությանը, հայտնվելով համակարգային անհաղթահարելի ճգնաժամի հատակում: Սովետների երկիրը մսխեց հաղթանակը, որովհետև այն չծառայեցրեց մարդուն: Պատերազմում պարտված Գերմանիան գնաց տրամագծորեն հակառակ ճանապարհով, իհարկե` մեծապես ԱՄՆ քաղաքակրթական, քաղաքական, տնտեսական աջակցության շնորհիվ:
Պետություններն երբեմն հաղթում են` պարտվելով պատերազմներում: Դրա ամենափայլուն օրինակը Գերմանիան է, որը ոչ միայն հաղթահարել է պատերազմի հետևանքը` միավորման պատմական ակտով, այլ կարողացել է դառնալ աշխարհի առաջատար երկրներից մեկը, մի պետություն, որը դարձել է եվրոինտեգրացիայի առանցքը: Բայց դրան նախորդել են տասնամյակների հետևողական, նպատակային քաղաքական, տնտեսական համակարգային բարեփոխումները, նոր որակի պետության ստեղծումը` կենսունակ մոդելով, մարդակենտրոն համակարգով, հումանիտար իրավունքի գերակայությամբ:
Մեծ հաշվով` Հայաստանը նույնպես բարոյապես մաշել, մսխել է այն հաղթանակը, որ ձեռք է բերել արցախյան պատերազմում, որովհետև այդ հաղթանակը չդարձավ կայուն խաղաղություն, ռեգիոնալ համագործակցություն և տարածաշրջանային անվտանգության միասնական համակարգ: Այդ հաղթանակը Հայաստանում չծնեց նոր որակի պետություն, կրեատիվ քաղաքական համակարգ, մրցունակ տնտեսություն և որ ամենակարևորն է` չծառայեցվեց Հայաստանի հիմնական հարստությանը` քաղաքացուն: Ղարաբաղյան պատերազմն ու չկարգավորված հակամարտությունը դարձան ալիբի, որի միջոցով Հայաստանի իրար հաջորդող իշխանություներն արդարացնում են իրենց այլանդակությունները, թալանը, զոռբայությունը:
Ի տարբերություն ԽՍՀՄ-ի, մեր բախտը բերել է, որ ունենք Ադրբեջանի պես անտաղանդ և բարեփոխվելու ռեսուրսից զուրկ հակառակորդ: Սակայն դա մեզ չպետք է մխիթարի, որովհետև միջազգային ընկալմամբ` մեր պետությունը կորցրել է իր քաղաքական, բարոյական պոտենցիալը: Հայաստանի դեմ աշխատում է ժամանակը, որը ամեն օր, ամեն տարի մեզ հեռացնում է քաղաքակիրթ աշխարհից` վերածելով անհրապույր չուլանի:








































