Վաղը՝ սեպտեմբերի 13-ին կլրանա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Նա այդ պաշտոնն անընդմեջ զբաղեցնում է 2004 թվականից: Մեր ունեցած տեղեկություններով Աղվան Հովսեփյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց Աղվան Հովսեփյանի գործունեությանը ծանոթ, անձանց հետ: Մեզ հետ զրույցում Մարտի մեկի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, խոսելով Աղվան Հովսեփյանի գործունեության մասին, ասաց, որ գլխավոր դատախազն իր պաշտոնավարման ողջ ընթացքում կատարել է իշխանությունների թելադրվածը՝ մասնավորապես այն ամենը, ինչ ասել է Սերժ Սարգսյանը: Նրա հավաստմամբ՝ ով էլ լինի Աղվան Հովսեփյանի փոխարեն, ոչինչ չի փոխվելու համակարգում, քանի որ ամեն ինչ ղեկավարվում է մեկ անձի կողմից:
Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանն էլ հավելեց, որ գլխավոր դատախազի գործունեության ընթացքում ինքը ոչ մի դրական փոփոխություն չի նկատել համակարգում. «Այնպես է ստացվել, որ մենք առնչություն ենք ունեցել Աղվան Հովսեփյանի հետ, բայց արդյունքում ոչ մի դրական քայլ չկա: Իր պաշտոնավարման բոլոր տարիների ընթացքում նա աշխատեց հօգուտ իշխանության և ոչ մի լավ բան չարեց: Նա այդպես էլ Մարտի մեկի գործով դրական ոչ մի քայլ չարձանագրեց›:
Ինչպես մեզ փոխանցեց ՀԺԿ նախկին անդամ, այժմ բրյուսելաբնակ Գրիշա Վիրաբյանը, Աղվան Հովսեփյանի մասին կարծիք հայտնելիս չպետք է մոռանալ, որ նա մասնակից է մի շարք սպանությունների, որով կարողանում է շանտաժ իրականացնել և երկար մնալ պաշտոնում: Նրա կարծիքով՝ մեր դատարանները ծառայում են դատախազությանը, դատավորները բացի դատախազի որոշումից, այլ որոշում չեն կարողանում ընդունել. «Աղվան Հովսեփյանը պատմության մեջ մնաց ամենաանփառունակ մարդ և դատախազ: Նրա պաշտոնավարման տարիներին այդպես էլ չբացահայտվեցին հոկտեմբերի 27-ը, ապրիլի 12-ը, մարտի 1-ը, մի բառով ասած՝ չպատժված հանցագործ է»:
Նա հավատացած է՝ երկրում կարգ ու կանոն կհաստատվի միմիայն Քրեական օրենսգրքի գործելու դեպքում, երբ օրենքի առաջ հավասարապես պատասխանատու լինեն և՛ դատախազը, և՛ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, և՛ այլ պաշտոնավոր անձինք: Համեմատելով Հայաստանը եվրոպական երկրների հետ՝ Գ. Վիրաբյանն ասաց, որ մեր երկրում ավանդույթներն ու մարդու արժեհամակարգն ավելի բարձր են, քան Եվրոպայում, պարզապես մեր միակ թերությունը օրենքներ չհարգելը, օրենքները ընտրովի կիրառելն է:
Աղվան Հովսեփյանի փոփոխությունը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը շատ տեղին է համարում: «Ցանկացած պարագայում ճիշտ է, որ յուրաքանչյուր անձ որևէ պաշտոնում որոշ ժամանակ պաշտոնավարելուց հետո թողնի զբաղեցրած դիրքը, նրա փոխարեն գա նոր մարդ՝ նոր գաղափարներով, նոր փոփոխություններ մտցնի: Սա, ընդհանուր առմամբ, սկզբունք է»,- ասաց նա:
Ա. Զեյնալյանի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը պաշտոնավարել է մի ժամանակահատվածում, երբ տեղի են ունեցել 2008 թվականի մարտիմեկյան հայտնի դեպքերը: «Աղվան Հովսեփյանի գործունեության հետևանք է, որ Հայաստանն ունեցել է քաղբանտարկյալներ, երբ հայաստանյան քրեական գործերի վերաբերյալ զեկույցները եղել են բացասական: Նրա պաշտոնավարման օրոք ոստիկանության բաժանմունքներում եղել են խոշտանգումներ և մահվան դեպքեր, որոնք մինչ օրս չեն բացահայտվել: Ուստի գլխավոր դատախազի գործունեությունը դրական գնահատել չեմ կարող»:
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանն էլ նշեց, որ գլխավոր դատախազը իր պաշտոնավարման տարիների ընթացքում աշխատել է ոչ թե որպես դատախազ, այլ իշխանության ձեռքին գործիք: Իրավապաշտպանը նույնիսկ ասաց, որ խոսք չունի և գնահատական չունի նրա աշխատանքին տալու, ավելին՝ ի՞նչ պաշտոնավարման մասին է խոսքը: Նրա որակմամբ՝ այն անօրինականությունները, որոնք կատարվել են Աղվան Հովսեփյանի օրոք, հավաքելու դեպքում մի քանի հատորյակ կարող են կազմել:
«Քանի որ դատախազն իշխանության կցորդ է, դժվար թե ինքը կարողանա ներկայիս իշխանության օրոք անաչառ աշխատել։ Դժվար թե ներկայիս իշխանություններն էլ ուզենան անկախ դատախազ: Իրենց պետք է կամակատար, որն ունի իր ամբիցիաները, շատ լավ համապատասխանում է իշխանություններին: Նա պետք է ծառայի որպես գործիք, և այդպես էլ եղել է այս ողջ ընթացքում: Հասել է նրան, որ ինքն էլ է դարձել իշխանության մի մաս: Նոր նշանակումից էլ ոչինչ սպասել պետք չէ, քանի որ իշխանությունը նույնն է»,- ասաց իրավապաշտպանը:








































