Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը ավելի մեծ հարված է ԵԱՀԿ-ին, քան Հայաստանին, երեկ Երևանում հայտարարել է Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Ինչպես հայտնի է՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակը փակվում է Ադրբեջանի պահանջով: Եթե Երևանում փակվում է ԵԱՀԿ գրասենյակը, ապա ըստ էության ստացվում է, որ Հարավային Կովկասի որևէ երկրում այդ կազմակերպությունը գրասենյակ այլևս չունի: Թբիլիսիում գրասենյակը փակվեց 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվայի պահանջով: Բաքվում գրասենյակը փակվեց 2015-ին Ադրբեջանի իշխանությունների պահանջով, երբ Արևմուտքը խիստ դժգոհություն էր հայտնում Բաքվում ընդդիմադիր լրագրողների, իրավապաշտպանների ձերբակալման կապակցությամբ: Եվ ահա այժմ էլ Բաքուն պահանջում է Երևանի գրասենյակի փակում, և այդ պահանջը աշխատում է, քանի որ գրասենյակը կարող է գործել բոլոր անդամների կոնսենսուսային համաձայնության դեպքում:
Այսպիսով, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գոյությունը մեղմ ասած կասկածի տակ է, թեև ԵԱՀԿ նախագահող և առաջատար երկրները հայտարարություններ են անում իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության մասին: Նման հայտարարություն արել է նաև Եվրահանձնաժողովը: Այստեղ հասկանալի չէ Ռուսաստանի դիրքորոշումը: Մի կողմից, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարների շարքում շատ են եղել ռուսաստանցիներ, մյուս կողմից, բացառված չէ, որ Մոսկվայի համար ադրբեջանական դժգոհությունն առիթ է Հայաստանում այսպես ասած արևմտյան մի կառույցից ազատվելու, որը ըստ էության ժողովրդավարական և քաղաքացիական արժեքների դոնոր է: Սրան զուգահեռ, իհարկե, դժվար է ասել, թե արդյո՞ք Մոսկվան ցանկության դեպքում կարող էր ազդել Բաքվի դիրքորոշման վրա, եթե դա չեն կարողացել անել ԱՄՆ-ն ու Եվրամիությունը: Այդ խնդրում, սակայն, կարծես թե քիչ ուշադրություն է դարձվում Հայաստանի իշխանության պահվածքի վրա: Իսկ պաշտոնական Երևանը բավարար ջանք գործադրե՞լ է խնդրի նմանօրինակ զարգացում թույլ չտալու համար: Ի վերջո, Հայաստանը նմանատիպ հարցերում ունի մի ստանդարտ դիրքորոշում՝ մեղադրել Ադրբեջանին ապակառուցողականության համար և քաշվել մի կողմ, դրանով արդարացնելով դիվանագիտական մեծ և փոքր այն ձախողումները, որ լինում են Ադրբեջանի հետ նման ուղղակի, թե հեռակա դիմակայություններում: Առավել ևս, Հայաստանի համար այսպես ասած հիմնավորում է ծառայում այն, որ միջազգային կառույցները ողջունում են Հայաստանի կառուցողական դիրքորոշումը նման հարցում:
Սակայն այս տեսանկյունից, դեսպան Սվիտալսկու հայտարարությունը պարունակում է ուշագրավ տարրեր: Նա ասում է, որ գրասենյակի կորուստը ոչ այնքան Հայաստանի համար է կորուստ, որքան՝ ԵԱՀԿ-ի: Սվիտալսկին, այսինքն, ակնարկում է, որ Հայաստանի իշխանությունը չի ցուցաբերում գրասենյակը պահելու բավարար մոտիվացվածություն, և հետևաբար ԵԱՀԿ-ն է, որ պետք է ջանք գործադրի հարցը լուծելու համար: Այստեղ խնդիրն այն չէ, որ ԵԱՀԿ-ն իհարկե շատ ավելի մեծ լծակներ ունի հարցը լուծելու, քան Հայաստանը: Բանն այն է, որ ԵՄ դեսպանը ազդակ է հղում ԵԱՀԿ առաջատար պետություններին, որ Երևանը ոչ միայն մտահոգված չի լինի, այլ գուցե դեմ էլ չէ, որ գրասենյակը փակվի: Այլ կերպ ասած, չնայած Հայաստանի իշխանությունը արտահայտվում է Ադրբեջանի ապակառուցողականության դեմ, այնուամենայնիվ, այստեղ ադրբեջանական խանական իշխանությունը անում է մի քայլ, որից այդքան էլ դժգոհ չի լինի Հայաստանի ամբողջատիրական իշխանությունը՝ ազատվել այսպես ասած ժողովրդավարության մի ավելորդ աչքից: Առավել ևս, որ դա արվում է Ադրբեջանի ձեռքով:
Ընդ որում հետաքրքիրն այստեղ այն է, որ գրասենյակի «մահվան» մասին հայտարարվեց Մոսկվայում, Լավրովի նախաձեռնությամբ, արտգործնախարարների՝ Լավրով, Նալբանդյան, Մամեդյարով հանդիպումից հետո: Թեև, հարցն իհարկե օրակարգում կար վաղուց, խնդիրը հայտնի էր վաղուց, սակայն ուշագրավ է, որ այդ հանդիպումից հետո հայտարարվեց, թե հարցն այդպես էլ լուծել չի հաջողվել: Ընդ որում ինչն է հետաքրքիր՝ այն, որ դրանից հետո ԵԱՀԿ առաջատար պետությունները, եվրոպական հեղինակավոր կառույցները խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է հարցը լուծել, այսինքն՝ ակնարկում են, որ պետք չէ այն համարել փակված: Այս հանգամանքի ֆոնին ևս Սվիտալսկիի հայտարարությունը ստանում է ուշագրավ հնչերանգ և տպավորություն է ստեղծվում, որ հարցը փակելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել հենց մոսկովյան եռակողմ հանդիպմանը: Չի բացառվում, որ դա եղել է այդ հանդիպմանը ՌԴ-Հայաստան-Ադրբեջան, այսպես ասած, եռակողմ արտգործնախարարական ֆորմատի միակ պայմանավորվածությունը:
Ինչպես հայտնի է, այդ հանդիպումից հետո կողմերին միացել են նաև Մինսկի խմբի համանախագահները, այսինքն՝ նաև Ֆրանսիայի և ԱՄՆ ներկայացուցիչները: Ըստ ամենայնի, նրանք կանխել են Արցախի մասով որևէ պայմանավորվածություն, և Ռուսաստանին հաջողվել է ընդամենը պայմանավորվածություն ձեռք բերել Նալբանդյանի և Մամեդյարովի հետ Երևանում ԵԱՀԿ առաքելության հարցը փակելու մասով: Դե ինչ, եթե դա է եռակողմ այդ հանդիպումից Հայաստանի միակ «կորուստը», ապա պետք է խոստովանել, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Համենայնդեպս այն կորստի համեմատ, որ Հայաստանն ունեցավ այդ եռակողմ ֆորմատի նախաապրիլյան մի քանի տարիների ծավալման հետևանքով, այսպես ասած՝ կազանյան պլանի տեսքով, որի պատերազմական ճանապարհով իրականացման փորձն էլ արեց Ադրբեջանը, դրա այսպես ասած քաղաքական հիմքը գցելով հենց ՌԴ գլխավորությամբ եռակողմ ֆորմատի միջոցով:











































