Սիրիայում քիմիական զենքի վրա միջազգային վերահսկողության սահմանման ռուսական կողմի նախաձեռնությունն ամերիկյան կողմին էր փոխանցվել դեռևս երեքշաբթի՝ գրում է Kommersant-ը:
Մոսկվան առաջարկում է խնդիրը լուծել մի քանի փուլով. առաջինը՝ Սիրիան կմիանա քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպությանը, երկրորդ՝ Դամասկոսը կհայտարարի քիմիական զենքի արտադրության և պահման վայրերը, երրորդ՝ այնտեղ կթողնի կազմակերպության տեսուչներին, չորրորդ՝ տեսուչների հետ կորոշի, թե ում կողմից և ինչպես պետք է ոչնչացվի քիմիական զենքը:
Պարբերականի աղբյուրը պարզաբանել է՝ հարցը, թե ով կզբաղվի սիրիական քիմիական զենքի ոչնչացմամբ, դեռևս լուծված չէ, սակայն նա չի բացառել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են միասին զբաղվել դրանով Նանն-Լուգարի թարմացված ծրագրի շրջանակում, որը նախատեսում է Մոսկվայի ու Վաշինգտոնի համագործակցությունը երրորդ երկրներում զանգվածային ոչնչացման զենքի վերացման հարցում:
Պարբերականի աղբյուրի կարծիքով՝ աշխատանքների ֆինանսավորման հետ կապված խնդիր չի լինի:









































