ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության և ճնշումների վերջին դեպքերի վերաբերյալ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Դեսպանը մտահոգություն է հայտնել Երևանում բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ հավաքների իրավունքի հնարավոր ոտնահարմամբ, ցուցարարների նկատմամբ ոտնձգություններով և անհիմն ճնշումներով:
«Չափազանց ցավալի են ուղղակի ճնշման ու ֆիզիկական ոտնձգության այնպիսի դեպքերը, որոնք իրականացվել են սեպտեմբերի 5-ին քաղաքացիական ակտիվիստներ՝ Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանի և Թրանսփերնսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանի նկատմամբ»,- նշել է Դեսպանը՝ հավելելով, որ «Ներգրավված անձանց հասցված ֆիզիկական վնասից բացի՝ նման դեպքերը կարող են վնասակար ազդեցություն ունենալ նաև երկրում ընդհանուր քաղաքացիական ներգրավվածության և հասարակական մթնոլորտի վրա»:
Ուստի, ըստ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի՝ հույժ կարևոր է դեպքերի պատշաճ հետաքննությունը: «Եվ ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին ձեռնարկել անհապաղ քայլեր այս ուղղությամբ: Ժամանակին արդարության իրականացումը և հանցագործների բացահայտումը կօգնի պահպանել հասարակության վստահությունը Հայաստանի կառույցների նկատմամբ և խրախուսել քաղաքացիական հասարակությանը՝ լինել ներգրավված և կառուցողական»,-նշել է դեսպան Սորոկինը:






































