ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պահանջում էր, որ իր հարցին անպայման պատասխանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մինչդեռ վերջինս Հայաստանում չէ: Նա պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Փաշինյանին հորդորեց հետաձգել կամ գրավոր ներկայացնել իր հարցը, մինչև վարչապետը կվերադառնա: «Երկրի հարցերով է դրսում»,- պարզաբանեց Հ. Աբրահամյանը՝ ընդգծելով, որ վեց տարիների ընթացքում առաջին անգամ է Տ. Սարգսյանը բացակայում, և պետք է ըմբռնումով մոտենալ:
«Համաձայն չեմ: Թող գա Չինաստանից և պատասխանի: Վարչապետն այսօր իրավունք չուներ լինել գործուղման մեջ»,- հայտարարեց Փաշինյանը: Բայց քանի որ վարչապետը Հայաստանում չէր, և նրան անհնար էր այդ պահին բերման ենթարկել խորհրդարան, Ն. Փաշինյանի՝ «Փակ շուկային» վերաբերող հարցը մնաց անպատասխան:
Իսկ այսօրվա հարցուպատասխանը, հատկապես ընդդիմադիր խմբակցությունների անդամների հարցերը վերաբերում էին հիմնականում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե «Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը» և այն խնդրին, թե այդ հայտարարությունից հետո ինչ է լինելու Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ճակատագիրը:
Պատգամավորների և կառավարության հարցուպատասխանն ամբողջությամբ դիտեք տեսանյությում:











































