ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց 1%-ի և մյուս բնակիչների միջև տարբերությունը վերջին հարյուրամյակի ընթացքում հասել է առավելագույնի: Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը՝ վկայակոչելով Կալիֆոռնիայի, Օքսվորդի համալսարանների և տնտեսության փարիզյան դպրոցի տնտեսագետների հետազոտությունը:
2012թ. ամերիկացիների 1%-ը ստացել է տնային տնտեսությունների ամբողջ եկամտի 19.3%-ը: Մինչ այդ ռեկորդային էր 1927թ. ցուցանիշը, երբ վիճակագրական այդ խումբը աշխատել է 18.7%:
2012թ. երկրի ամենահարուստ բնակիչները կարողացել են իրենց եկամուտներն ավելացնել 20%-ով՝ այն դեպքում, երբ մնացածները՝ ընդամենը 1%-ով:
Հարկ է նշել, որ ամենահարուստները սկզբում ամենից շատ են տուժել 2007-2009թթ. վարկային ճգնաժամից: Նրանց եկամուտը կրճատվեց 36%-ով, իսկ մյուսների մոտ այդ ժամանակահատվածում եկամուտները նվազեցին 11.6%-ով: Սակայն բաժնետոմսերի արժեքի, կորպորատիվ շահույթի կտրուկ աճը հարուստներին թույլ տվեց լավացնել իրենց բարեկեցությունը: Նրանց բաժին ընկավ ամերիկացիների եկամուտների ավելացման 95%-ը:









































