Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին անդամակցելու որոշման մասին՝ ասաց, որ ՄՄ-ի և ԵՄ Ասոցացման համաձայնագրերի համեմատության մասին հարցերն ու քննարկումներն ուղղակի ծուղակ են, քանի որ մի շատ կարևոր հարց ունենք՝ ո՞վ է Հայաստանի անունից բաներ խոստանում, գնում, սիրտը բացում իր եղբոր առաջ: Սա, ըստ նրա, շատ ավելի կարևոր հարց է, քանի որ Հայաստանն այսօր կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ:
«Մինչև սա էլ եմ ասել, որ Սերժ Սարգսյանը և ԱԺ ճնշող մեծամասնությունը որևէ կերպ ժողովրդի կողմից ընտրված չեն, և ինքը Հայաստանի ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի: Ասում է բաներ, որոնց իրավական հիմքը չունի. հիշենք բառացի մեջբերումը՝ Հայաստանը որոշել է լինել ՄՄ անդամ: Ինչպե՞ս հասկացար, որտեղի՞ց գիտես»,- Լևոն Բարսեղյանը հարց ուղղեց Սերժ Սարգսյանին՝ հավելելով, որ անգամ իր կուսակցական ընկերների հետ չի խոսել մինչև հայտարարությունը:
Անդրադառնալով քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնություն կիրառելու մեթոդաբանությանը՝ Լևոն Բարսեղյանը նկատեց, որ հասկացել են՝ բերման ենթարկելու մեթոդաբանությունն այլևս չի արդարացնում իրեն, և նաև հասկացել են, որ մարդիկ պատրաստ են նստել ոչ միայն երեք ժամ, այլև երեք օր՝ ինչքան որ պետք է իրենց գաղափարների պաշտպանության համար, և հիմա որոշ հրոսակախմբերի հանձնարարվում է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել:
Լևոն Բարսեղյանը նկատեց, որ վերջին՝ Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված բռնարարքները ակնհայտորեն խոսում են այն մասին, որ ինտելեկտի դեմ բիրտ ուժ են հանում:
«Այդ երկու տղաների գլխում այնքան խելք կա, որ ոստիկանական ամբողջ համակարգն այդքան խելք չի կարող ունենալ, եթե անգամ երեսուն տարի սովորի: Մեզ նմանների դեմ ֆիզիկական բռնությունը խնդիր չի լուծում՝ գաղթողը գաղթել է, ով պատրաստվել է գաղթելու, էլի գաղթելու է, իսկ ով պատրաստ է մնալ, մնում է»,- ասաց նա:
Լևոն Բարսեղյանը այն կարծիքին է, որ խնդիրը չի կարգավորվի, քանի դեռ այս իշխանությունն է իշխանության, և ակնկալել արդարադատություն, թե՝ կբռնեն, կբացահայտեն, անիմաստ է. «Մենք տեսնում ենք, որ Տիգրան Առաքելյանը դեռ բանտում է, իսկ Սուրեն Խաչատրյանի ձագը՝ ազատության մեջ: Չի կարող իշխանությունը մատը կոխել և սեփական աչքը հանել, դրանից էլ ենթադրություն՝ սա իշխանության պատվերն է»,- ասաց նա:








































