«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
– Պարոն Բադալյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը, որոնցից ոմանք նույնիսկ չեն էլ իմացել, որ իրենց անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել։ Սա ինչի՞ մասին է խոսում, արդյոք նոր Ընտրական օրենսգրքի, ռեյտինգային ընտրակարգի բացը չէ՞։
– Սա վկայում է այն մասին, որ Հայաստանում ժողովրդավարությունը բացակայում է ոչ միայն ընդհանուր առմամբ, այլև չկա ժողովրդավարություն նաև ներկուսակցական համակարգում։ Ինչպես գրում են լրատվամիջոցները՝ միայն կուսակցության կամ դաշինքի ղեկավարն է որոշում՝ ով պետք է լինի պատգամավոր։ Այսինքն՝ որոշվում է՝ հաշվի առնելով ոչ թե տվյալ պատգամավորի ինտելեկտուալ կամ ծրագրային գործունեությունը, այլ պարզապես տվյալ քաղաքական ուժի ղեկավարի անձնական համոզմունքներից ելնելով։ Այսինքն՝ լինի ՀՀԿ, թե «Ծառուկյան» դաշինք՝ ղեկավարներն են որոշում՝ նա կլինի պատգամավոր, իսկ մյուսը՝ ոչ։
Ես այս գործընթացը բնական եմ համարում, որովհետև Հայաստանում ապրիլի 2-ին ընտրությունների ինստիտուտն առհասարակ մահացել է։ Իսկ քանի որ մահացել է, մահանում է նաև ժողովրդավարությունը։ Եթե չի աշխատում իշխանությունների ձևավորման ժողովրդավարական ճանապարհը, բնական է՝ չի աշխատում նաև կուսակցությունների մեջ։ Հայաստանի համար սա շատ բնական երևույթ է։
– Բայց արդյոք դա նաև օրենսդրական բացի մասի՞ն չի խոսում, այդ ռեյտինգային թեկնածուները գոնե օրենքով պաշտպանված չպե՞տք է լինեն։
– Պետք չէ կարգավորել։ Դա կլինի արհեստական կարգավորում։ Եթե ցանկություն չկա ժողովրդավարություն հաստատելու, ապա օրենքով ինչ էլ գրեն՝ կարող են շրջանցել։ Եթե ցանկություն չկա ժողովրդավարություն հաստատելու, ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու, ապա ձեր ասածը զուտ արհեստական կարգավորում կլինի։ Ինչ էլ գրվի Ընտրական օրենսգրքի մեջ՝ ոչինչ չի աշխատի։ Եթե չկա ժողովրդավարություն, ամեն ինչ կարելի է շրջանցել։ Խնդիրը ցանկության բացակայությունն է։ Ամենավատ Ընտրական օրենսգրքով ամենալավ ընտրությունները տեղի ունեցան 1991 թվականին, և դրանից հետո ինչքան Ընտրական օրենսգիրքը կարգավորեցին, այնքան ընտրությունների որակը վատացավ։ Դրա համար իմաստ չունի օրենքի մեջ կետեր ավելացնել կամ հստակեցնել, միշտ էլ կարող են օրենքը շրջանցել։
– Սա արդյոք անարգանք չէ՞ ըտրողի նկատմամբ։ Արման Սահակյանը Աջափնյակում հուժկու պայքար էր սկսել,18.000 ձայն է հավաքել, նախընտրական շրջանում ասում էր՝ խորհրդարանում ձեր գոլն եմ լինելու, հիմա էլ հրաժարվում է մանդատից ու իր հին պաշտոնին վերադառնում։
– Չեմ կարծում, թե անարգանք է։ Անարգանքը եղել է ապրիլի երկուսին ընտրակաշառք բաժանելով և ստիպելով մարդկանց, որ քվեարկեն իրենց օգտին։ Դրանից հետո այն, ինչ տեղի է ունենում, դա հերթական անդրկուլիսյան խոսակցություններ են։ Ոչ ոք չի կարող ասել՝ տվյալ թեկնածուն կամավո՞ր է հրաժարվել մանդատից, թե՞ իր կուսակցապետն է որոշել, որ նա ինչ-ինչ հարցերից ելնելով՝ պատգամավոր չի լինելու։ Ընտրողի հետ կապված ապրիլի երկուսին հարցերը արդեն լուծել են։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ընդամենը ներիշխանական, ներկուսակցան գործընթացներ են։ Դա անարգանքի հետ ոչ մի կապ չունի։ Եթե դու հարգում ես ընտրողին, առաջին հերթին ընտրակաշառք չես առաջարկում, երկրորդ հերթին՝ նորմալ, ժողովրդավարական երկիր ես կառուցում, վերացնում ես մենաշնորհները. եթե դու դա անես, այլևս նման երևույթները տեղ չեն ունենա։ Բայց քանի որ համակարգը չի աշխատում, ուրեմն դրա ճյուղերը հիմա տարբեր ոլորտներում կտեսնենք։
Միակ հետաքրքիր բանն այն է, որ մանդատների հրաժարման գործընթացում մենք տեսնում ենք, որ պրոցեսը ղեկավարվում է միայն նախագահականի և ոչ կառավարության կողմից։ Այստեղ արդեն երրորդ անգամ վարչապետի պարտությունն է գրանցվում։ Այսինքն՝ վարչապետն այս գործում որևէ առնչություն չունի։ Առաջին անգամ վարչապետը պարտվեց, երբ վարկանիշային քվեարկությամբ իր թիմակիցները չէ, որ ԱԺ են անցնում, երկրորդ պարտությունը ավագանու ընտրություններն էին, երբ քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն՝ Տարոն Մարգարյանը, ոչ թե իր, այլ նախագահի թեկնածուն է։ Եվ երրորդը սա էր. սա նախագահի շատ ընդգծված, երևացող գիծն է, որ նա տանում է 2018 թվականի համար։ Ինքնաբացարկների գործընթացը հենց այդ կոնտեքստում պետք է նայենք. սա է ավելի տեսանելի, քան զուտ ինքնաբացարկ հայտնելու գործընթացը։
Բոլոր նրանք, ովքեր ինքնաբացարկ են հայտնում, հաջորդ անգամ ավելի լավ կմտածեն՝ արժե՞ մասնակցել այս գործընթացին, թե՞ ոչ, որովհետև նրանք, ովքեր ինքնաբացարկ են հայտնում, հավանաբար ընտրակաշառք են բաժանել։ Իսկ հիմա նրանց շատ հանգիստ ասում են՝ այլևս այս համակարգում գործ չունեք, հեռացեք։ Բայց դա արդեն միայն իրենց խնդիրն է։









































