«Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով կենտրոնում առաջադրված նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը պատրաստվում է այսօր մինչև 15:00-ն գնալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հետ վերցնել իր անունից գրված ինքնաբացարկի դիմումը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նապոլեոն Ազիզյանը: «Ես գնալու եմ և հետ եմ վերցնելու այն դիմումը, որը ես չեմ գրել: Ես կվերցնեմ իմ մանդատը»,- ասաց Ազիզյանը:
Մեր հարցին, թե իր այդ քայլը համաձայնեցրե՞լ է Գագիկ Ծառուկյանի հետ, Ազիզյանը պատասխանեց. «Եթե հեռախոսը վերցնեն, կհամաձայնեցնեմ: Բայց ամեն դեպքում գնալու եմ հետ վերցնեմ դիմումը՝ պաշտպանելով իմ իրավունքները: Թե չէ ինչի՞ նման կլինի՝ ես հիվանդ տանը պառկած եմ եղել, բայց իմ անունից դիմում է գնացել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ես ո՞նց կարող եմ դիմումը հետ չվերցնել ու իմ իրավունքները չպաշտպանել»:
Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքից միայն Ազիզյանը չէ, որ տեղյակ չի եղել, որ իր անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել ԿԸՀ: Երեկ Խաչիկ Մանուկյանը ևս հայտարարել է, որ ինքը ոչ մի դիմում չի գրել և չգիտի, թե ով է իր անունից այդ դիմումը ներկայացրել ԿԸՀ:
Հիշեցնենք. օրենքը հնարավորություն է տալիս ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորներին այսօր մինչև ժամը 15:00-ը ներկայանալ ԿԸՀ և հետ վերցնել դիմումը՝ ստանալով պատգամավորական մանդատ:








































