Ադրբեջանում Թուրքիայի հետ սկսված համատեղ զորավարժություններին զուգընթաց հայկական կողմը հայտնում է զորքերի զգոնության բարձրացման և սահմանային հսկողության ուժեղացման մասին:
Մեկ օր առաջ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում օրը սկսեց հետևյալ գրառմամբ. «Անցնող գիշեր ՀՀ և Արցախի սահմանին կրակոցներ քիչ են եղել, որևէ կորուստ չի եղել: Բարի ծառայություն մեր զորքին»:
Արդեն այսօր նա, փաստացի մեջբերելով Արցախ ՊԲ տարածած հաղորդագրությունը, նշում է, որ 2017թ. մայիսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արցախի սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 540 կրակոց:
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահության՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Վերջում Հովհաննիսյանն իր կողմից ավելացնում է. «Նշեմ, որ ՀՀ սահմանին ավելի հանգիստ է եղել, հակառակորդը մի քանի կրակոց է կատարել հիմնականում սովորական հրաձգային զենքերից»:
Լուսանկարը՝ Panorama.am-ի










































