Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ողջունում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստը. սա հեղափոխական, խելացի և ապագային միտված քայլ էր: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
«Սա մի պատմական փաստաթուղթ է, որը հեղափոխություն է մտցնում վերջին 23 տարիների մեր պատմության մեջ: Մաքսային միությանն անդամակցությունը լուծում է Հայաստանի ազգային անվտանգության հարցը: Ողջունելով նախագահի այս քայլը` մենք հայտարարում ենք, որ այն ուղղված է ներկա և ապագա սերունդների բարօրությանը: Հայաստանի համար նման բարենպաստ որոշում վերջին 23 տարիներին չէր կայացվել: Մեր միությունը պետք է լինի միայն և միայն Ռուսաստանի հետ:
Հաճախ եվրոպամետ ուժերը փնովում են Մաքսային միությանը մեր անդամակցության փաստը, սակայն մենք միշտ էլ այս միության ջատագովն ենք եղել: Այդ է պատճառը, որ պատրաստվում ենք բացատրական լայն աշխատանքներ տանել հանրության շրջանում` մարդկանց համար ավելի պարզ դարձնելու Մաքսային միության գործունեության իրական նպատակները: Ռուսական դրոշի փայլից մեր թշնամիների աչքերը կուրանում են, և երբ ռուսական դրոշը հանվի Գյումրու վրայից, կսկսվի Հայաստանի վերջը»,- ասաց նա:
Ռուբեն Թովմասյանի խոսքով՝ երբեք չպետք է ստվեր գցել հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա: «Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե միությանն անդամակցելով` Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը, ապա դրանք անհարկի են: Հայաստանն այստեղ միայն շահող է դուրս գալու: Այս փաստաթուղթը պետք է դարձնենք մեր հետագա գործողությունների հիմնաքարը: Ռուսաստանը երբեք չի սպառնացել Հայաստանի ինքնիշխանությանը: Նա հիմա էլ ունի մեր կարիքը և համարում է, որ Կովկասում մեզ է համարում իր հավատարիմ բարեկամը»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանը ևս, ողջունելով Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու փաստը, նկատեց, որ այն առաջին հերթին լուծում է Հայաստանի անվտանգության հարցը: «Սերժ Սարգսյանը ճիշտ քայլ կատարեց: Սա տնտեսական, էներգետիկ և ռազմական ոլորտների համագործակցություն է, բայց ոչ երբեք վտանգ` ուղղված Հայաստանի ինքնիշխանությանը»,- ասաց նա:










































