Խորհրդարանի ընտրությունից հետո, հաշվի առնելով ոչ միայն դրա պաշտոնական արդյունքը, ընտրական գործընթացի բնույթը՝ արդյունքի ձեռք բերման առանձնահատկությունը, այլ նաև իշխանության ներսում առկա մոտիվացիոն հիմքերը, իհարկե, մեղմ ասած, անիրատեսական է դառնում սպասումը, թե հնարավոր է արձանագրել այլ ելք, քան ապրիլի 2-ին էր խորհրդարանական ընտրության մակարդակում:
Երևանը Հայաստանի կեսն է բոլոր առումներով, իսկ մի շարք առումներով՝ նույնիսկ կեսից ավելին: Իշխանությունը չէր կարող պլանավորել խորհրդարանի ընտրությունը, հաշվարկել իր համար անհրաժեշտ ձայների ստացման համակարգը՝ այդ ամենից դուրս թողնելով Երևանի ավագանու ընտրությունը, և այդպիսով գործնականում քաղաքական իմաստով ապրիլի 2-ին ձեռք բերածը դներ մայիսի 14-ին առնվազն կիսով չափ հարվածի, կորստի ռիսկի տակ:
Միևնույն ժամանակ, ապրիլի 2-ին էլ իշխանությանը որևէ կենսունակ ու մրցունակ հակադրություն առաջադրել չկարողացած ընդդիմադիր դաշտը հազիվ թե անցնող մեկուկես ամիսների ընթացքում ի վիճակի լինի անել դա և գտնել այն, ինչը կարող է խափանել իշխող համակարգի ընտրական խնդիրների իրագործումը: Իհարկե, «Ելք» դաշինքը Երևանում ըստ ամենայնի կարձանագրի ավելի բարձր ցուցանիշ, քան խորհրդարանի ընտրությանը, ինչը, սակայն, պայմանավորված կլինի ոչ թե դաշինքի մրցունակության ու կենսունակության ավելացմամբ, այլ այն հանգամանքով, որ Երևանում մրցակցությունն ավելի քիչ է, շրջանակն ավելի նեղ, քան խորհրդարանի ընտրությանը:
Այդ իրավիճակի արձանագրումը որևէ կապ չունի հուսահատության, հուսալքության ազդակների հետ, ինչպես հաճախ մեկնաբանվում է Հայաստանում առկա ընտրական և քաղաքական հարաբերակցության արձանագրումը: Ավելին՝ հուսալքության և հուսահատության հիմքը հենց առկա իրադրությունն իրապաշտությունից հեռու գնահատելն է, այդ ոչ համարժեք գնահատականով չափելը, այդպիսով հանրային չափազանցված կամ ուռճացված սպասումներ առաջացնելը, որը հետո բախվում է իրականության պատին և փշրվում: Դրանից հետո սկսվում են արդարացումները, իսկ ժողովրդական լեզվով ասած՝ «կռուտիտները»:
Դրանք, սակայն, ի վիճակի չեն հասարակության մեջ կանխել հուսալքության և հիասթափության, քաղաքական, ընտրական գործընթացի հանդեպ ապատիայի հերթական ալիքը: Որովհետև ապատիան պետք է հաղթահարվի նախևառաջ իրավիճակը լիարժեք և ճշգրիտ գնահատելով, որքան էլ որ դառն ու դաժան լինի իրականությունը կամ դրանից բխող գնահատականը: Մինչև չճանաչվի, չընդունվի անհաջողությունը, ձախողումը կամ պարզապես պարտությունը, հնարավոր չի լինի գալ հաղթանակի հեռանկար պարունակող եզրահանգումների և հասկանալ, թե, ի վերջո, հաջողության ո՞ր ճանապարհն է իրատեսական ու հեռանկարային, թեկուզ երկարաժամկետ հեռանկարով: Մինչև հստակ և հանրայնորեն չարձանագրվի, թե որտեղ է սայթաքումը կամ ձախողումը, հնարավոր չի լինի գտնել այն ճանապարհը, որովհետև պետք է գնալ չսայթաքելու համար, եթե անգամ այդ ճանապարհն ավելի երկար է:
Երևանի ավագանու ընտրությունից հետո հաջորդ խոշոր ընտրությունը 4 տարի անց է՝ Երևանի նոր ընտրությունը, իսկ համապետականը՝ 5 տարի անց: Մայիսի 14-ից հետո 5 տարի ժամանակ կա, որպեսզի ընդդիմությունը խորամուխ լինի այդ խնդիրների մեջ և փորձի դուրս գալ նոր ճանապարհ՝ հանրության հետ միասին: Հարցն այն է, սակայն, թե ո՞ր կամ ի՞նչ ընդդիմություն է անելու դա, որովհետև նույնիսկ այդ հարցը դեռևս չունի հանրության համար շոշափելի և հասկանալի պատասխան:
Լուսանկարը՝ Photolure-ի










































