Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: Ծիծեռնակաբերդում պատվիրակությանը դիմավորեց Մոլդովայից ժամանած երգչախումբը, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրեց մոլդովական հոգոր երգ:
Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ նրանց ներկայացվեցին պատմության այդ ողբերգական իրադարձությունների մանրամասները, այնուհետև Միշել Ֆարաոնը գրառում կատարեց թանգարան-ինստիտուտի հուշամատյանում.
«Լիբանանում մենք ականատեսն ենք եղել Հայոց ցեղասպանության և կոտորածների հետևանքներին, և սատար ենք կանգնում արդարությանը և մեր զորակցությունն ենք հայտնում մարդկանց: Այն, ինչ մենք տեսանք այս թանգարանում, իսկապես, դժվար է հավատալ, բայց ճիշտ է»,-ասված է գրառման մեջ:
Միշել Ֆարաոնը տպավորված էր թանգարանի պատկերներով: Նա նշեց, որ դա տեսնելուց հետո յուրաքանչյուր մարդ ուղղակիորեն պետք է ընդունի, որ Հայոց ցեղասպանություն իսկապես եղել է: «Շատ հուզված եմ այստեղ լինելով, և ամենակարևորը՝ այս ցավի մեջ ես տեսա ապրելու հույս: Ես գալիս եմ մի երկրից՝ Լիբանանից, որտեղ նույն ժամանակահատվածում շատ մեծ տառապանքներ են տեղի ունեցել ժողովրդի հետ: Այսօր և՛ Հայաստանում, և՛ Լիբանանում բոլորս գիտակցում ենք, որ պետք է կանխել այս խավարը: Մենք պետք է ջանք գործադրենք, որ ՄԱԿ-ի և այլ բարձր ատյանների միջոցով կանխվի արյունահոսությունը»,-եզրափակեց նա:









































