ՍԴՀԿ այսօր կայացած 20-րդ համագումարին ներկա էր նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ նախկին համակիր Սարգիս Հացպանյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հացպանյանը խստորեն դատապարտեց նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ ՍԴՀԿ-ի հայտարարությունը և նշեց, որ իր ներկայությունը համագումարին ամենևին էլ չի նշանակում, որ ինքը սատարում է գործող իշխանություններին:
Հացպանյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու հայտարարությանը և ասաց. «Ինձ համար բոլորովին էլ զարմանալի չէր այդ հայտարարությունը, նա դրածո է, ես նրան նախագահ չեմ համարում: Նման իշխանությունների վարքագիծը հասկանալի է շատ վաղուց։ Մենք Ռուսաստանի տարածք ենք դարձել»:
Նրա գնահատմամբ՝ դա սկսվել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանից և շարունակվում է մինչ օրս. «Պուտինը եթե այս գիշեր Սերժ Սարգսյանին ասի՝ մի քնի, չի քնի, ասի՝ վաղը չզարթնես, չի զարթնի. սա ինձ չի զարմացնում։ Ամոթ է։ Խայտառակություն է»:
Հարցին թե կո՞ղմ էր արդյոք, որ Հայաստանը նախաստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո՛, Հայաստանի քաղաքակրթվելու միակ ուղին էր։ Իսկ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը չքաղաքակրթվի»:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում:






































