Վաղն Անկարայում տեղի կունենա երկրի նախկին նախագահ Թուրգութ Օզալի թունավորման գործով առաջին դատական նիստը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ ամբաստանյալի աթոռին է գեներալ Լևենթ Էրսոզը, ով արդեն դատապարտվել է 22 տարի 6 ամսվա ազատազրկման՝ «Էրգենեկոնի» բացահայտած ծրագրի շրջանակում ռազմական հեղաշրջման փորձի մասնակցության համար:
Գեներալը մեղադրվում է Թուրքիայի ՔՕ 156-րդ հոդվածով, որը նախատեսում է ցմահ ազատազրկում՝ պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման փորձի համար: Մեղադրող կողմ են հանդիսանում 8-րդ նախագահի կին Սեմրա Օզալն ու նրանց որդի Ահմեդ Օզալը:
Համաձայն քննչական նյութերի՝ հենց գեներալ Էրսոզի հրամանով է կազմակերպվել նախագահի թունավորումը: Հիշեցնենք, որ նախագահը հանկարծամահ էր եղել 1993-ի ապրիլի 17-ին՝ 5 թյուրքալեզու երկրներ կատարած 12-օրյա այցից հետո:








































