Սիրիայի բանակն ամրացնում է պաշտպանական դիրքերը Դամասկոսի մոտ: Միջազգային օդանավակայանի և Մեզզա ռազմական օդանավակայանի շրջաններում նկատվում է կառուցողական տեխնիկայի շարժ: Ինժեներները մի շարք տեղամասերում բետոնե պատնեշներ են կառուցում և հակատանկային փոսեր են փորձում: Ընդդիմությունն իր հերթին կազմում է ԱՄՆ-ի ավիահարվածից հետո մայրաքաղաքը գրավելու ծրագրեր:
Սիրիայի ազգային պաշտպանության ուժերի գնդապետ Ալի Ալ-Սաֆին հայտարարել է, որ Սիրիայի հրամանատարությունը վերջին օրերին գործողություն է ծավալել Արևելյան և Արևմտյան Ղուտայում՝ ընդդեմ ապստամբների՝ թույլ չտալով նրանց զգալի ուժեր կենտրոնացնել մայրաքաղաքի մոտ ԱՄՆ-ի հավանական հարվածից առաջ, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Հակառակորդի հավանական առաջխաղացումներն արգելափակվել են առաջին հերթին ճանապարհների կողմից, որոնք գալիս են Լիբանանի, Հորդանանի և Իրաքի սահմաններից»,- հայտարարել է նա:
Գնդապետի խոսքերով՝ «Մայրաքաղաքի վահան» գործողության նպատակն է անվտանգության գոտի ստեղծել քաղաքի շուրջ, որն առավելագույն կերպով հեռու կլինի քաղաքի կենտրոնից:
«Մենք ձգտում ենք թույլ չտալ, որ գրոհայինները մուտք գործեն Բերզի և Քաբուն շրջաններ, որտեղից նրանք լրջորեն կսպառնան մայրաքաղաքին»,- ասել է նա:
Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ Լուեյ Մեկդադն իր հերթին հաղորդել է, որ ընդդիմության զինված ջոկատները վերջին օրերին կենտրոնացրել են իրենց բոլոր ուժերը և պատրաստվում են հարձակման:
«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի հրթիռային հարվածները դասալքության ալիք կառաջացնեն կառավարական զորքերի շարքերում, ինչը կհեշտացնի Դամասկոսը գրավելու ծրագրի իրականացումը»,- ասել է նա «Ալ-Հայաթ» թերթին տված հարցազրույցում:
Մեկդադը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ Սիրիական ազատ բանակը ՆԱՏՕ-ին փոխանցել է ռազմավարական օբյեկտների ցուցակ՝ հարվածելու համար: Նրա խոսքերով՝ դրա կարիքը չկա, քանի որ ինչպես ամերիկյան, այնպես էլ իսրայելական հետախուզությունը շատ լավ գիտեն դրանց տեղակայման վայրերը:
Միևնույն ժամանակ Մեկդադը չի հերքել, որ ազատ բանակի և «միջազգային շտաբի» միջև պայմանավորվածություն կա, ըստ որի՝ ապստամբները նախօրոք տեղեկատվություն կստանան այն մասին, թե առաջին հարվածները ինչ թիրախների վրա կտեղան:










































