Ամբողջ աշխարհում շիզոֆրենիկների տասը տոկոսը կյանքն ավարտում է ինքնասպանությամբ: Այսօր` Ինքնասպանության կանխարգելման միջազգային օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց հոգեբույժ Սամվել Թորոսյանը` հավելելով, որ ինքնասպանությունների աճ ամբողջ աշխարհում նկատվում է հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո:
«Մարդիկ ինքնասպանություններ գործում են ոչ միայն սոցիալական դրդապատճառներով, այլև հանրությունից մեկուսացված լինելու, ժառանգականության և այլ պատճառներից դրդված: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2008 թ. վիճակագրական տվյալներով՝ 100 000 մարդուց ինքնասպանության դիմում էին 2-ը: Այժմ, իմ կարծիքով, այդ թիվը կարող է հասնել 10-ի: Այս համատեքստում, հատկապես մտահոգիչ է դեռահասների ինքնասպանությունների հարցը: Ռուսաստանն այս առումով Եվրոպայում առաջինն է, ամբողջ աշխարհի մակարդակով` վեցերորդը: Ինքնասպանությունների համար ստիմուլ հանդիսանում է հատկապես ալկոհոլը»,- ասաց նա:
Սամվել Թորոսյանի խոսքերով՝ ամենամեծ թվով ինքնասպանություններ գործում են տղամարդիկ, որոնց ուսերին է ծանրացած ընտանիքի բեռը: «Սոցիալական վիճակը բերում է նրան, որ ինքնասպանությունների թիվն աճում է: Ինքնասպանությունների հաճախ դիմում են նաև ներգաղթյալները`տվյալ երկրի լեզուն չհասկանալու, հետևապես տվյալ հանրությունից մեկուսացած լինելու պատճառով»,- ասաց նա` հավելելով, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների` աշխարհում տարեկան ինքնասպան կլինի մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն մարդ:
Ասուլիսի մյուս բանախոս, հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանն իր հերթին նկատեց, որ ինքնասպանության դիմող մարդկանց 90 %-ը, որպես կանոն, հոգեկան ամենատարբեր խնդիրներ ունեն: «Ինքնասպանությունների կանխարգելման գործում զգալի անելիք ունեն պետությունը, եկեղեցին, հանրությունը: Կյանքը դժվար, դեպրեսիվ ու լարված է դարձել: Հետաքրքրական է, որ կանայք 3-4 անգամ ավելի հաճախ են դիմում ինքնասպանության, սակայն մահվան ելքով ինքնասպանությունները մեծ թիվ են կազմում հատկապես տղամարդկանց մոտ: Կանայք հիմնականում օգտագործում են դեղորայք, այն դեպքում, երբ տղամարդիկ «նախընտրում են» հրազենով կամ կախվելու միջոցով ինքնասպան լինելը: Առաջինների դեպքում ինքնասպանությունները հաճախ մահվան ելք չեն ունենում, մինչդեռ արական սեռի դեպքում`արարքը ողբերգական ավարտ է ունենում: Տղամարդկանց մոտ ինքնասպանություն գործելու ամենավտանգավոր շեմը հիսուն-վաթսուն տարեկանն է, ինչը ծերությունից, հիվանդություններից վախենալու հետևանք է: Կանանց մոտ վտանգավոր շեմը հիսունհինգ տարեկանից հետո է, երբ նրանք կորցնում են իրենց հմայքը: 2020 թվականին, ըստ վիճակագրական տվյալների, ամբողջ աշխարհում կլինի դեպրեսիայով տառապող մեկ միլիարդ մարդ, իսկ ինքնասպանությունները, բոլոր տեսակի մահերի շարքում, կգրավեն երկրորդ տեղը: Այժմ ինքնասպանությունների միջոցով մահերը միայն վեցերորդ տեղում են: Առաջին տեղում քաղցկեղի պատճառով գրանցված մահերն են: Հետաքրքրական է նաև, որ առավել հաճախ ինքնասպան լինում են սպիտակամորթները, ավելի հազվադեպ` սևամորթներն ու դեղնամորթները»,- ասաց Ցոլակ Հակոբյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում մարդիկ չեն ուզում երջանիկ լինել, բոլորը միայն փող են ուզում. «Սա էլ դեպրեսիայի պատճառ է դառնում: Բայց ինչպես ասում են՝ հարուստները ևս արտասվում են: Այսինքն, սոցիալական ծանր վիճակն ինքնասպանությունների միակ դրդապատճառը չէ»:








































