Սեպտեմբերի 9-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի Պետության գլխավոր դատախազ Տիրար Ալ-Ասուսիին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպան Չարչօղլյանը ներկայացրել է հայ-քուվեյթյան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձավ երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին: Դեսպանը նշել է, որ իրավական ոլորտը կարևորագույն բաղկացուցիչ է երկու երկրների հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային բազայի ընդլայնման համար:
Գլխավոր դատախազն իր հերթին ներկայացրել է Քուվեյթի իրավական դաշտն ու այս ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները:
Նույն օրը Քուվեյթում ՀՀ դեսպանը հանդիպել է Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ Իբրահիմ Դուայիջ Ալ-Սաբահի հետ: Քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղիները:









































