Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները մայիսի 26-ին միաձայն ընդունեցին վտանգավոր արտանետումներից պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, համաձայն որի, օրինականացվում է երեխաների աղմուկը և դրանից բողոքողները զրկվում են դատարաններ հայց ներկայացնելու հնարավորությունից: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Ավելի վաղ երեխաների աղմուկը հավասարեցվում էր արդյունաբերական օբյեկտներից դուրս եկող աղմուկի հետ: Նոր օրենքով երեխաների լացը չի համարվի վտանգավոր աղմուկ: Երկրի բնապահպանության նախարար Նորբերտ Ռեթգենն ասել է, որ այս օրենքը երեխաների նկատմամբ ավելի լավ վերաբերմունքի ցուցաբերման հստակ ազդանշան է:









































