Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելը և քրեական հետապնդումը դադարեցնելը՝ այն հիմնավորմամբ, թե մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, Բուդաղյանների բարեկամները աբսուրդ են համարում: Լրատվամիջոցների այն հրապարակումը, թե Բուղադյանների բարեկամները՝ զայրացած այս որոշումից, արտերկրից գալիս են, համապատասխանում է իրականությանը:
«Իհարկե, պետք է որոշվեն հետագա քայլերը: Պարզ է, որ այսպես չի մնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին Բուդաղյանների բարեկամները: Նրանց դիտարկմամբ՝ իշխանությունը հերթական անգամ ապացուցեց, որ Սուրեն Խաչատրյանից վախենում է, պարզապես ուզում էին ասել՝ ոչ քեզ, ոչ նրան: «Տղային ազատեցին, տվեցին մեզ, հիմա ասում են՝ դուք մտածեք, թե ինչ եք անում նրա հետ»,- ասացին նրանք:
Բուդաղյանների բարեկամների խոսքով՝ Սուրեն Խաչատրյանը այս երեք ամիսներին որդուն Նուբարաշենում պահեց, որ նա ապահովության մեջ լինի:
«Հիշո՞ւմ եք, Լիսկան իր հարցազրույցում ասում էր, որ իր տղան չի նստելու, իսկ եթե նստի, ապա շատ քիչ ժամանակով, և նա ջանքեր, միլիոններ թափեց որդուն ազատելու համար: Ասում են, որ նա չորս միլիոն դոլար է տվել դատախազին, որ իր տղային ազատ արձակի»,- ասացին նրանք:
Նրանց խոսքով՝ այս ամենը ապացուցում է, որ ՊՆ-ն իր հրամանատարի կողքին չի կանգնում, չի պաշտպանում իր լավագույն հրամանատարներից մեկին:
«Ինչո՚՞ւ Սերժ Սարգսյանը վախեցավ՝ չենք հասկանում: Դեռ մի հատ էլ ասում են, որ Լորետան ընդառաջում է Բուդաղյաններին: Ծիծաղելի է այս ամենը. ո՞վ է, ի՞նչ է իրենից ներկայացնում Լորետան»,- ասացին նրանք:
Նրանց կարծիքով՝ այսպիսով իշխանությունը ուզում էր ասել, որ ես հանեցի մարդասպանին, չպատժեցի ոչ այս կողմին, ոչ մյուս կողմին. հիմա դուք երկուսով ձեր հարցերը լուծեք:
Իսկ մի քանի օր առաջ լուրերն այն մասին, թե Սուրեն Խաչատրյանը մեկնել է Գերմանիա՝ վիրահատության, բարեկամների խոսքով, պատրանք էր՝ մյուս օրը նման լուր հայտարարելուց առաջ:
Ի դեպ, ասում են, որ այս օրերին Խաչատրյանները աչքալուսանքի մեջ են, շնորհավորում են միմյանց: Մյուս կողմից՝ Բուդաղյանները չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել:











































