«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
– Պարոն Խաչատրյան, Մաքսային միության հիմնական պաշտպաններն ասում են, որ Ղարաբաղի խնդիր կա, և քանի որ Ղարաբաղի խնդրում մեզ պաշտպանում է Ռուսաստանը, մենք այլընտրանք չունեինք, պիտի ընտրեինք Ռուսաստանին: Ձեր կարծիքով` այլ լուծում հնարավո՞ր էր, թե՞ ոչ:
– Այլ լուծումը Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Ուրիշ լուծում չկա: Քանի դեռ կա այս կառավարման համակարգը` իր ոչ լեգիտիմությամբ, անընդհատ էսպիսի իրավիճակների մեջ ենք հայտնվելու:
– Ձեր կարծիքով` այս պահին իրատեսակա՞ն է Սերժ Սարգսյանի հրաժարականը:
– Այս պահին էլ է իրատեսական, երեկ էլ էր ճիշտ` հրաժարական տար: Եթե գտնում են, որ էս վիճակը նորմալ է, դա ուրիշ է, բայց եթե գտնում են` նորմալ չի, միակ լուծումը դա է: Եվ հետագայում էլ, որ ՀՀ ցանկացած ղեկավար այսպիսի իրավիճակներում չհայտնվի, իր կարգավիճակը պետք է շատ հստակ լինի: Միակ լուծումը Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Մնացածը երկրորդական են:
– Պարոն Խաչատրյան, իսկ ո՞ր ուժը այսօր կարող է դիմակայել Ռուսաստանի ճնշմանը` հաշվի առնելով, որ ընդդիմության մեջ էլ են շատերը ռուսամետ, օրինակ` նույն ՀԱԿ-ը:
– Դա ձեր գնահատականն է, շատ սխալ եք ՀԱԿ-ին գնահատական տալիս: Երբևիցե ՀԱԿ-ը որևէ «մետ» չի եղել: ՀԱԿ-ն իր վերջին հայտարարությամբ իր մոտեցումները շատ հստակ հայտնել է: Մենք մեր քաղաքական գործունեությամբ, ծրագրերով կամ հայտարարություններով որևէ «մետ»-ության խնդիր չենք դրել:
– Բազմիցս հայտարարություններ են եղել, նաև` Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից:
– Չի եղել, չեք կարող ցույց տալ նման հայտարարություն: Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները վերաբերել են միայն Հայաստանին և Հայաստանի շահն են միայն հաշվի առել: Որպեսզի այդ «մետ»-ության խնդիրը չլինի, միակ լուծումն այն է, որ Հայաստանում լինի ընտրված իշխանություն: Ցանկացած իշխանություն, որը կընտրվի ժողովրդի կողմից և ժողովրդին կներկայացնի իր ծրագրերը, քաղաքական մոտեցումները Հայաստանի ապագայի վերաբերյալ, այդ ուժը հենց ինքը կներկայացնի Հայաստանը, և դրանից հետո արդեն ինքը կորոշի հետագա անելիքները: Ես համոզված եմ, որ եթե այդպիսի ուժ լինի, որը կընտրվի, նրա գործողությունները միայն և միայն բարենպաստ կլինեն Հայաստանի քաղաքացիներին: Առանց դրա լինում են էսպիսի վիճակներ:
– Այս պարագայում քաղաքական ուժերը ի՞նչ պիտի անեն:
– Քաղաքական ուժերը պիտի պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը և իրենց ողջ ռեսուրսներն օգտագործեն, որ էս իշխանությունը հեռանա, և հնարավորություն տան քաղաքացիներին` նորմալ իշխանություն ընտրեն: Այլ լուծում չի կարող լինել: Ցանկացած այլ լուծում կբերի այսպիսի իրավիճակների:
– Պարոն Խաչատրյան, դա Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, քանի որ նույնիսկ ընդդիմությունը ոտքի չի ելել ու փողոցում չի:
– Ուրեմն` դուրս կգա: Սպասենք միգուցե, ընդամենը երկու օր է անցել:
– Իսկ Ձեր կարծիքով` որո՞նք են Մաքսային միությանը միանալու և Ասոցացման պայմանագրից զրկվելու վտանգները:
– Եթե ասեք` ինչ է ներկայացնում Մաքսային միությունն իրենից, նաև ասեք` ինչ է ներկայացնում Ասոցացման պայմանագիրն իրենից, ես Ձեզ հստակ պատասխան կտայի: Ոչ ոք չի կարող դրանց մասին խոսել, որովհետև դրանք չկան, հրապարակային չեն: Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները երկրի զարգացման ապահովման համար, օգտվի բոլոր հնարավորություններից, որ որևէ համակարգ տալիս է:
– Պարոն Խաչատրյան, իշխանությունը ոչ ուղղակի ասում է, որ դա Ղարաբաղի անվտանգության գինն էր, և մենք չէինք կարող սակարկել, Ռուսաստանը տեղ չի թողել: Ձեր կարծիքով` որքանո՞վ է իրական այդ վտանգը:
– Իսկ մինչ այդ ինչի՞ չէին մտածում իրանք: Մինչև էդ չգիտեի՞ն, որ տենց էր, հենց էդ պահին իմացա՞ն: Երբ սկսել էին Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, իրենք չէին մտածո՞ւմ, որ կա Ղարաբաղի հարց, թե՞ կարծում էին, որ սկսեն, Ղարաբաղի հարցը չի լինելու: Ղարաբաղի հարցը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղի հարցի լուծման վերջնական փաստաթուղթ չկա: Սրա մասին Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ ասել է 1997 թվականին: Օրակարգում այդ հարցը մնացել է: Եվ եթե Սերժ Սարգսյանի պաշտպանները այսօր փորձում են արդարացնել նրա գործողությունները Ղարաբաղի հարցով, ուրեմն իրենք պետք է հրաժեշտ տան քաղաքականությանը, որովհետև Ղարաբաղի հարցը եղել է և դեռևս կա, և չգիտենք երբ կլուծվի, իրենք չեն ուզում, որ այդ հարցը լուծվի ու վերջանա: Կա ինքնուրույն գործողություններ անելու հնարավորություն, որը Սերժ Սարգսյանը կորցրել է:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































