Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի Մուզաֆարնագար շրջանում մուսուլմանների և հինդուիստների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը 21-ի է հասել, տեղեկացնում է NDTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ տեղեկացվում էր 12 զոհերի և 50 վիրավորների մասին:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ բախումների երկու օրերի ընթացքում նահանգում 21 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Զոհերի թվում են մի լրագրող և մի լուսանկարիչ: Ոստիկանությունը 299 մարդկանց նկատմամբ կրոնական հակամարտություն սադրելու մեղադրանք է առաջադրել:
Նահանգում առաջին բախումները տեղի էին ունեցել օգոստոսի 27-ին, երբ վթարի պատճառով առաջացած վեճի ժամանակ երեք մարդ էր սպանվել: Բռնությունները որոշ ժամանակով դադարել, սակայն շաբաթ օրը կրկին վերսկսվել էին: Բանակը դեպքի վայր հազար զինվորականներ է ուղարկել, որի նպատակը բռնությանը վերջ դնելն է: Ամբողջ նահանգում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել:
Ինչպես տեղեկացրել է Zee News հեռուստաալիքը՝ անվտանգությունն ուժեղացվել է նաև զբոսաշրջիկների շրջանում սիրված Ագրա քաղաքում, որտեղ գտնվում է Թաջ Մահալ համալիրը: Կիրակի օրն այնտեղ նույնպես բախումներ էին տեղի ունեցել, սակայն ոչ ոք չէր տուժել:










































