Ռուս քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին պատմել է Վրաստանի վարչապետի կուտակվող կապիտալի կասկածելի մեթոդների մասին:
Պիոնտկովսկու խոսքերով՝ Բիձինա Իվանիշվիլին գիտեր, որ Պուտինն ատում է Սաակաշվիլիին և օգտագործեց այդ հանգամանքն իր կողմից կուտակված ունեցվածքի իրացման համար:
«Իվանիշվիլին շատ կասկածելի մարդ է: Նա թալանել է ռուս ժողովրդին և իր ողջ կապիտալը դուրս բերել երկրից: Այն բանից հետո, երբ նա ազատվեց Քվանտրիշվիլիից՝ նրա մոտ մնաց 7 մլրդ դոլարի ունեցվածք: Իվանիշվիլին ինչ-որ կերպ պետք է դուրս բերեր այն Ռուսաստանից, քանի որ Պուտինը կարող էր ձեռքից խլել ամեն վայրկյան: Այդ պատճառով վրաց օլիգարխը հանճարեղ բան մտածեց: Նա շատ լավ գիտեր, թե ինչպես է Պուտինն ատում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, այդ պատճառով առաջարկեց հեղաշրջում իրականացնել Վրաստանում: Իսկ դրա համար փող էր հարկավոր: Պուտինը տարվեց այդ գաղափարով և թույլ տվեց Իվանիշվիլիին վաճառել ունեցվածքը շատ հարմար գնով»,- հայտարարել էր ռուս քաղաքագետը:
Ըստ Անդրեյ Պիոնտկովսկու՝ «այդ գումարներից ներկայիս վրաց վարչապետն իսկապես ծախսել է երկու միլիարդ դոլարը և Վրաստանում գնել է այն ամենը, ինչը հնարավոր է»։
«Ժողովուրդը սիրում է Իվանիշվիլիին, չնայած, որ երկրում ստեղծվել է բավական բարդ իրավիճակ: Մարդիկ հիանում են նրանով, որովհետև հարազատ գյուղում նա կոմունիզմ է կառուցել: Նրանից նույնն են սպասում նաև Վրաստանի մյուս բնակիչները: Սակայն մեկ շաբաթ առաջ Վրաստանի վարչապետն իրականացրել է իր հանճարեղ պլանի վերջին քայլը և հայտարարել է, որ հոկտեմբերյան ընտրություններից հետո ինքը հեռանալու է քաղաքականությունից: Այդպես նա պահպանեց իր մոտ մնացած ունեցվածքը»,- ամփոփել է քաղաքագետը:






































