Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ապրիլի 16-ին Մոսկվայի Սաֆիսա ռեստորանում նշել է 60-ամյակը:
Հանդիսությանը ներկա են գտնվել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրանք իրենց կարծիքն են հայտնել Արա Աբրահամյանի մասին:
«Նա չափից դուրս տաղանդավոր մարդ է իր էությամբ, ինչով տարբերվում է շատերից, էներգիայով լեցուն է, օպտիմիստ… նա հիանալի ընկեր է, իմաստուն մարդ: Նա կարողանում է շատ լավ հանգստանալ և շատ լավ աշխատել: Նա հիանալի հայ է»,-ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ Արա Աբրահամյանը պատասխանատու կերպով երկար տարիներ գլխավորել է Ռուսաստանում հայերի միությունը: Պեսկովը շեշտել է Աբրահամյանի բարեգործական գործունեությունը:
«Ցանկանում եմ միանալ շնորհավորանքներին, բարեմաղթանքներին, կենացներին, որոնք այսօր հնչել են և հնչելու են Արա Արշավիրովիչի հասցեին, նա ունիկալ մարդ է և իր մեջ միավորում է ոչ միայն ռուս և հայ, այլ բոլոր ժողովուրդների, կրոնների լավագույն հատկանիշները»,-ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ վաղուց սերտ համագործակցում է Արա Աբրահամյանի հետ: «Ընդորում ոչ միայն ընկերություն ենք անում որպես երկու մարդ, այլ նաև համագործակցում ենք արտաքին քաղաքականության ոլորտում»,-ասել է Լավրովը և առողջություն մաղթել Արա Աբրահամյանին:









































