Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ: Նրա այցը շարունակվելու է մինչև հունիսի 3-ը: ԱՄՆ-ում Մադեմդյարովը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Բրուքինգի ինստիտուտի Եվրոպայի և ԱՄՆ–ի կենտրոնի տնօրեն Ֆիոնա Հիլի հետ:
Բացի այդ, Մամեդյարովը Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի նստավայրում հանդիպում է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ու ՄԱԿ-ում Արաբական երկրների լիգայի ու ասիական երկրների ներկայացուցիչների հետ, ելույթ է ունենալու Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) անդամ երկրների դեսպանների առջև:
Հիշեցնենք, որ Մամեդյարովը նոր է վերադարձել Ինդոնեզիայից, ուր մասնակցում էր «Չմիավորման շարժման» 16-րդ կոնֆերանսի աշխատանքներին: Ի դեպ, մայիսի 27-ին կայացած ամփոփիչ նիստի իր ելույթում Մամեդյարովը նշել էր.
««Չմիավորման շարժմանն» Ադրբեջանի անդամակցելու արդյունքում մենք ստանում են լրացուցիչ հարթակ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի «արդարացի դիրքորոշումը» միջազգային հանրությանը հասցնելու համար»:








































