Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի ներկայությամբ տեղի կունենա եպիսկոպոսների ժողովը: Չորեքշաբթի օրը հանձնախմբի անդամներին կընդունի Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը նշեց, որ ինքը երեքշաբթի օրը կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ մասնակցելու եպիսկոպոսաց ժողովին: Նա նշեց, որ այս կարգի եպիսկոպոսական ժողովները պատմական են, և առաջին անգամ է, որ Մայր Աթոռի և Կիլիկիո կաթողիկոսության եպիսկոպոսները միացյալ ժողով պետք է գումարեն: Բացի այդ, նա նշեց, որ նշանակալից է այս ժողովին Արամ կաթողիկոսի մասնակցությունը:
Ժողովի քննարկման թեմաներից երկուսին Արիս սրբազանը ծանոթ է. մեկը մկրտության վերաքննությունն է, մյուսը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Արիս սրբազանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Երուսաղեմի հայոց պատրիարքը փոխե՞լ է մտադրությունը և կգա՞ արդյոք: Նա նշեց, որ դա պատրիարքի որոշելիքն է՝ ինքը տեղյակ չէ:
«Ես վաղուց էի որոշել գալ, այնպես որ՝ իր գալու հետ կապ չունի իմ գալը»,- ասաց նա:
Արիս սրբազանի խոսքով՝ ինքը Հայաստանում կմնա մեկ ամիս:
Հարցին՝ արդյոք Արիս սրբազանը չի՞ մտահոգվում, որ այստեղ կհիշեցնեն Երուսաղեմի պատրիարքի հայտնի նամակը, նա պատասխանեց՝ դա պատրիարքի նամակն է, ինքը որևէ մեկնաբանություն չունի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որում արտահայտելով իր վրդովմունքը Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ՝ նշել է, որ եկեղեցին կարիք չունի գարշապար լիզողների, և ինքը համոզվել է, որ կաթողիկոսին հետաքրքրում են նյութականն ու արտաքինը:










































