Շարունակվում է Երևանի կենտրոնի շնչախեղդ, բակախեղդ, հակաբնապահպանական, էկլեկտիկ, դեպի կենտրոն տրանսպորտային հոսքերի գերծանրաբեռնելուն նպաստող կառուցապատումը:
Երևանի այլանդակման փաստերն ավելի քան ակնառու են: Կարող եք չհամաձայնել, բայց չեք կարող չնկատել, որ Հանրապետության Հրապարակի շուրջբոլորը վիթխարի «բոմբոներկաների» երևացող կատարները հրապարակը նսեմացրել, դարձրել են բացատ: Օպերային թատրոնի շենքը գերիշխող հմայքից զրկել, դարձրել են խրճիթ: Մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, որ 13-րդ դարի գողտրիկ Կաթողիկեն իր քթի տակ կառուցվելիք 33 մետր բարձրությամբ եկեղեցու ստվերում կընկալվի որպես հավաբուն…
Քանդվեց «Սևան» հյուրանոցի մեծ մասը, այրվեց՝ մնացած մասը: Ներկայիս «Կոնգրես» հյուրանոցի տեղում տուֆակերտի համարակալված քարերն ահետացան: Տասնյակ փոքր և միջին պատմական արժեք-հիշողություններ ջնջվեցին Բուզանդի և Արամի փողոցներից: Հոշոտվում են օղակաձև այգին, փողոցների մայթերը, շենքերի տանիքները: Կասկադի, Հաղթանակի այգու, Մարաշի սարալանջները չեն ծառապատվում, փոխարենը՝ կառուցապատվում են նոր շենքներով:
Երևանը, փաստորեն, թոքազրկվում է: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար գլխավոր հատակագծով նախատեսված պահուստային հողատարածքները վաճառվում-կառուցապատվում են:
Անհնար է իրեն «աշխարհաքաղաքացի» հռչակած մեծահարուստ հայաստանցուն, ղարաբաղցուն, սփյուռքահային պարտադրել ճանաչել Երևանի գլխավոր հատակագիծը, հարգել քաղաքաշինական, հակահրդեհային, տարհանման, բնապահպանական նորմերը, ընկալել ու տոգորվել քաղաքի, թաղամասի ճարտարապետագեղագիտական, պատմական հիշողությամբ, քաղաքի ներդաշնակ զարգացումը տեսնել ոչ թե բազմիցս կրկնված և հակացուցված, բայց շոշափելի շահույթ երաշխավորող կենտրոնամետ, կենտրոնախեղդ քաղաքաշինության մեջ, այլ՝ կենտրոնի թեթևացման, բեռնաթափման, տարհանման, շրջանցման՝ կենտրոնախույս քաղաքաշինության մեջ:
Վերջին տասնամյակում Երևանն այնքան ստվերային տերեր ձեռք բերեց, որ տեսանելի դաշտում անտեր է թվում: Մայրաքաղաքի ի պաշտոնե պատասխանատուները հայտնվել են իշխանական կլանների սպասավորների դերում:
Տնտեսությունն էլ, որի արտացոլանքը Երևանի քաղաքաշինական պատկերն է, տուրբո-կապիտալիստական է: Ումի՞ց և ի՞նչ ենք պահանջում, եթե 4 տարի ՀՀ քաղաքաշինության նախարարը մասնագիտությամբ կենսաբան էր: Չզարմանաք, եթե ասենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարից մեկն էլ անասնաբույժ էր: Այսքանից հետո անտարակուսելի է, որ ճարտարապետաքաղաքաշինական ճգնաժամը քաղաքական ճգնաժամի հետևանքներից է, քաղաքական կամքի բացակայությունից է, ամորձատված քաղաքաշինության դրսևորումներից է:
«Քաղաքաշինությու՞ն, թե՞ քաղաքաավերում» («Գոլոս Արմենիի», 23 ապրիլի, 2011 թ., հեղինակ՝ Էդուարդ Ստեպանով) հոդվածը մտորելու տեղիք տվեց՝ Ալեքսանդր Թամանյանը ճարտարապե՞տ էր, թե՞ քաղաքաշինարար: Եթե հավատանք ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի տարիներ առաջ ասած խոսքին, Թամանյանի գծած Երևանի գլխավոր հատակագիծը խզբզոց է, ուրեմն՝ քաղաքաշինարար չէր: Մենք չէ, որ պիտի պնդենք, որ և՛ քաղաքաշինարար էր, և՛ ճարտարապետ: Այսինքն՝ տրամաբանականն այն է, որ քաղաքաշինության ոլորտում լիարժեք քաղաքաշինարար լինելու համար անհրաժեշտ է լինել նաև լիարժեք ճարտարապետ:
Ակնհայտ է, որ վերջին 10-15 տարիների ընթացքում Երևանի ապաշնորհ կառուցապատումն իրականացրել են ճարտարապետներ, որոնք կամազրկվել են և երկիրը տնօրինողների ձեռքին խամաճիկ դարձել:
Իրեն Հայաստանի և Երևանի գլխավոր «քաղաքաշինագետ և ճարտարապետ» հռչակած Ռոբերտ Քոչարյանը մի առիթով Երևանի պատկերասրահի տանիքից նայելով իր կերտած «հրաշքի»՝ Հյուսիսային պողոտայի ուղղությամբ, ակամայից բերանից թռցրեց՝ «խիտ է»: Նրա կողքին գտնվող Նարեկ Սարգսյանը և մյուս ճարտարապետները ծպտուն չհանեցին, որովհետև Հայաստանի «ամենա-ամենա… քաղաքաշինագետն ու ճարտարապետը»՝ Ռ. Քոչարյանը, Հայաստանի ճարտարապետներին զրկել էր քաղաքաշինական մտածողության կարողությունից, դարձրել եսասեր, որ յուրաքանչյուրը մեծահարուստ պատվիրատուի ճաշակով նախագծած իր շենքից բացի ուրիշ բան չտեսնի: Եվ այս ստորաքարշ կարգուկանոնին վարժված ճարտարապետ-քաղաքաշինարարները, մի մասը՝ քծնանքով, մյուս մասը՝ ստիպված կամ զզվանքով, մի ամբողջ տասնամյակ Քոչարյան «հրաշագործի» և նրան մերձ փողատերերի տգետ մտքները գծագրի էին վերածում՝ արդեն զուտ որպես տեխնիկ-գծագրողներ:
Երևույթը համատարած և համակարգային դարձավ: Այն կանխելու համար երկիրը պիտի դուրս գա մի բուռ մարդկանց կամքով պարտադրված տգիտության ճահճուտից, ազատվի իշխանություն դառած օլիգարխ պատվիրատուի կողմից հանցագործության մղող ճնշումներից:
Վերջին տարիներին մայրաքաղաքում կառուցվել են ճանապարհա-տրանսպորտային մի քանի հանգույցներ, բացվել նոր փողոցներ: Սակայն տրանսպորային հոսքերի կարգավորումն անբավարար է: Ինչու՞: Պատճառներից մեկը մեր կարծիքով խոշոր, շուրջօրյա հանրախանութների (սուպերմարկետների) քաղաքաշինական տրամաբանության լիակատար բացակայությամբ տեղաբաշխումն է: Լուրջ խնդիր է նաև, որ դրանց մի մասի տերերը չեն լուծել ժամանակավոր կայանատեղիների խնդիրը: Այդ խնդրի լուծողները հենց այդ հանրախանութների տերերն են: Նրանք էլ հո՛ հասարակ մարդիկ չեն. տանիքավոր մեծահարուստներ են: Նրանց չի հետաքրքրում արդեն իրենցը դարձած փողոցների երթևեկության վիճակը: Ինչպես աշխատակիցներից մեկը խոստովանեց՝ խճուղումների, նույնիսկ խցանումների ժամանակ այցելուներն ավելանում են: Այսինքն՝ թքած մայրաքաղաքի վրա էլ, փողոցի վրա էլ, գլխավոր հատակագծի վրա էլ:
Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի տարածքում գրեթե իրար կպած 3 հանրախանութ կա, 4-րդն էլ նախկին «Կիև» խանութն է: Իսկ Բաղրամյան պողոտայի ողջ երկարությամբ մեկն էլ չկա: Պողոտան մեծամասամբ հանդարտ է, իսկ «Բարեկամություն» կայարանի տարածքում խառնաշփոթ վիճակ է՝ իր բոլոր բացասական հետևանքներով: Ուրեմն՝ խանութների, հանրախանութների, շուկաների տեղը, քանակը նույնպես քաղաքաշինական խնդիր է, սակայն փաստ է, որ այն լուծվում է «վերին ատյաններում», որը բոլորովին կապ չունի քաղաքաշինական քաղաքականության հետ:
Փաստ է, որ մայրաքաղաքի քաղաքաշինական վիճակն արդեն ռիսկային է: Լուրջ վտանգ է ներկայացնում Երևանում բենզալցակայանների ցանցը: Դրանք տեղակայված են մարդաշատ, բանուկ վայրերում, նույնիսկ՝ փողոցների մայթերին, կանգառներում: Շուրջօրյա հանրախանութների օրինակով շուրջօրյա բենզալցակայանների տեղն ու դիրքը որոշում են նույնատիպ իշխանական օլիգարխները նույնատիպ վերին ատյաններում:
Ինչ վերաբերում է «Բարեկամություն» մետրոյի հրապարակի ուղետար-էստակադայի և «Այրարատ» կինոթատրոնին հարակից տրանսպորտային թունելի լավն ու վատը լինելուն, առաջարկում ենք պարզել վարորդների շրջանում հարցում անցկացնելով: Վարորդները, արդեն տիրոջ իրավունքով, անկեղծորեն ոչ միայն պատասխանում, այլև վերլուծում, նույնիսկ հետագա զարգացման տարբերակներ են առաջարկում: Մեր կատարած հարցումը ցույց տվեց, որ 10 վարորդից 7-ը՝ գոհ է, 3-ն անտարբեր են, որովհետև հանապազօրյա հացի խնդիր ունեն ու այդ պատճառով Հայաստանից օր առաջ փախչելու մասին են մտածում:
Մարտին և Արամայիս Ասլանյաններ
Հաղորդակցության ուղիների ճարտարագետներ
27.05.2011թ.
Հ.Գ. Այս կարգավիճակով Հայաստանը, Երևանը չեն կարող հարատևել: Սփոփվենք նրանով, որ Նարեկ Սարգսյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում ընդամենը ժամանակավոր տեղապահ է: Իսկ ժամանակի պահանջը համակարգի վերափոխումն է:









































