Թուրքական «Փոսթա» թերթում հրապարակվել է թուրք վերլուծաբան, աշխարհիկ լրագրության վետերան Մեհմեթ Ալի Բիրանդի «Ինչո՞ւ ենք մենք աջակցում հեղաշրջումներին» խորագրով հոդվածը, որում ասվում է, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից հիմնադրված և զինվորականների պաշտպանությանը հանձնված Թուրքիայի Հանրապետությունը բազում տարիներ ի վեր ունի երկու մեծ թշնամիներ` բարեպաշտ մուսուլմաններ ու քրդեր.
«Թուրք զինվորականներին հեղաշրջումներ իրականացնելու հարցում ավանդաբար դրդել են աշխարհիկ շրջանակները: Վերջիններիս դիրքորոշումը հետևյալն է. Աթաթուրքի հիմնած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) ներկայացնող սոցիալ-դեմոկրատական քաղաքական գործիչները հասկանում են, որ ընտրությունների միջոցով չեն կարող քաղաքականության մեջ ձեռք բերել ազդեցիկ դիրքեր, դրա համար էլ բարձր պաշտոններ զբաղեցնելու հարցում ապավինում են զինվորականների օգնությանը:
Խռովամետ մտքերը նստած են աշխարհիկ ԶԼՄ-երի աշխատակիցների մեծ մասի գեներում: Մինչև վերջերս ԶԼՄ-երը կարծում էին, թե Գլխավոր շտաբն առավել վեր է կանգնած ժողովրդավարությունից ու խորհրդարանից: Մենք համբերությամբ տարել ենք այդ բոլոր հեղաշրջումները (1960, 1971 և 1980 թվականների ռազմական ուղղակի հեղաշրջումները և 1997 թվականի ոչ զինված ռազմական միջամտությունը, ինչն անվանում են հետմոդեռնիստական հեղաշրջում): Մենք աջակցել ենք դրանց:
Թերթերը կսկսեն հրապարակել մորուք ունեցող տղամարդկանց լուսանկարները, և դուք կկարդաք հոդված այն մասին, որ «ձերբակալվել են ևս երկու հետադիմականներ»: Սև չադրայով կանայք կանվանվեն «սև ուտիճներ»: Մենք ոչի մի տարբերություն չենք դրել աստվածավախ (բարեպաշտ) մուսուլմանների ու հետադիմականների միջև: Նրանք դիտարկվում էին որպես մեր համակարգի կողմից ստեղծված ամենամեծ թշնամիներ: Մենք համբերություն չունեինք` նրանց մեր շարքերում տեսնելու համար: Մենք չէինք փորձում հասկանալ նրանց:
Իսկ ինչ վերաբերում է քրդերին, ապա «Քրդական հարցը» հանդիսացել է աշխարհիկ շրջանակների վախի առավել կարևոր առարկան, ինչի մասին երբեք չի հիշատակվել: Քրդերի յուրաքանչյուր ապստամբություն բնութագրվել է որպես «խռովություն» ու «դեպի անկախություն տանող ուղի»: Միևնույն ժամանակ մենք երբեք չեն դիտարկել ապստամբության հանգեցման իրական պատճառները:
Մենք չէինք կարող մտածել, որ նրանք կարող են դուրս գալ աղքատությունից, ֆեոդալական համակարգից կամ տարածաշրջանի պայմաններից: Հենց «Քրդական հարցն» ի հայտ է եկել, մենք բոլորս մտածել ենք Թուրքիայի մասնատման մասին: Մենք մշտապես վարել ենք ձուլման և քրդական ինքնության մերժման քաղաքականություն:
Վերջին տարիների ընթացքում մեր գեները խախտվել են, և մենք սկսել ենք հարցին նայել այլ տեսանկյունից: Գլխավոր շտաբի և ժողովրդավարության ու խորհրդարանի հարաբերակցությունն առաջին անգամ փոխվել է, ժողովրդավարությունը ևս մեկ քայլ է կատարել դեպի առաջ»:











































