Խաղողն այս տարի կմթերվի 145 և 135 դրամով. ԵԿԳ
Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերումը կսկսի երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին: Առաջինը կլինի Արարատի մարզը (Այգավանի մասնաճյուղ), հաջորդ օրը մթերումը Արմավիրի մարզում է (Արմավիրի մասնաճյուղ) և սեպտեմբերի 17-ին` Տավուշի մարզում (Բերդի մասնաճյուղ):
Ընկերությունը խաղողի 1կգ-ն 145 դրամով կմթերի Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերում, իսկ Տավուշի տարածաշրջանում ՝ 135 դրամով: Անցած տարի այս գները համապատասախանաբար 140 և 130 դրամի էին:
Ընկերությունը՝ կարկուտից տուժածներին աջակցելու համար, ապառիկ եղանակով բուժանյութեր ստացած խաղողագործների պարտքերը կզրոյացնի: Նախնական հաշվարկով Արմավիրի մարզում ԵԿԳ-ն կզիջի առավել քան 340 խաղողագործի պարտք՝ մոտ 54 միլիոն դրամի:
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը ընդհանուր առմամբ կմթերի 35 000 տ խաղող, ինչը մոտ 10 000 տ-ով գերազանցում է անցած տարի մթերած խաղողի ծավալը: Մթերման այսպիսի ծավալ չի գրանցվել վերջին 15 տարում:










































