Մայիսի 31-ի հանրահավաքը դառնալու է ջրբաժան կա՛մ մի կողմից իշխանության և ՀԱԿ-ի, կա՛մ մյուս կողմից ՀԱԿ-ի և ժողովրդի միջև, եթե ՀԱԿ-ը չգիտակցի, թե ինչ հարցադրումներ է իրենց սպասում ժողովուրդը: Այս մասին մեզ հետ զրույցում բարձրաձայնեց «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Ժողովուրդն ամենևին էլ հիացած չէ այս երկխոսության հեռանկարով: Ի՞նչ երկխոսության մասին է խոսքը: Այսինքն՝ երկխոսել մի իշխանության հետ, որը ոչ միայն դե յուրե է լեգիտիմ, այլ նաև դե ֆակտո: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, համոզված եղեք, որ ժողովուրդը երես է թեքելու Կոնգրեսից, և ջրբաժանը թերևս անցնելու է ոչ միայն ժողովրդի և իշխանության միջև, այլև ժողովրդի և Կոնգրեսի: Արդյո՞ք ժողովուրդն ու Կոնգրեսը մի ամբողջություն է, արդյո՞ք Կոնգրեսը շարունակելու է ունենալ ժողովրդի անունից խոսելու մանդատը, թե՞ ժողովուրդը, անբավարար համարելով Կոնգրեսի որդեգրած մարտավարությունը, ետ է կանգնելու իր ճանապարհից: Այժմ ժողովուրդը սպասում է այլ մարտավարությանը»,- հավելեց Հմայակ Հովհաննիսյանը: