Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում Վահե Խալաթյանի նախագահությամբ սկսվել է Սամվել Կարապետյանի գործի դատավարությունը:
Փարաքար գյուղի 20-ամյա բնակիչ Սամվել Կարապետյանը 2012 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում համագյուղացի Փայլակ Աղամիրյանի կանչով գնացել է Փարաքարից դեպի Մերձավան գյուղ տանող ճանապարհ, որտեղ Աղամիրյանի ընկերուհուն զանգահարելու և անհանգստացնելու հարցի շուրջ Կարապետյանի ու Աղամիրյանի միջև վիճաբանություն է առաջացել:
Աղջկա հասցեին Կարապետյանի արած արտահայտությունները դուր չեն եկել Աղամիրյանին, և նա իր ձեռքին եղած «Կիլիկիա» գարեջրի լիքը շշով հարվածել է Կարապետյանի գլխին:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Սամվել Կարապետյանը քննությամբ չպարզված սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է Աղամիրյանի որովայնի ձախ շրջանին ու դիմել փախուստի՝ Աղամիրյանի առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:







































