Այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած իր այցի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է անդամագրվել Մաքսային միությանը, մի շարք մեկնաբանություններ են հնչում այն մասին, որ սա հարված էր ոչ միայն Հայաստանին, այլ նաև Վրաստանին: Վերջիվերջո, Հայաստանը միայնակ չէր պատրաստվում նոյեմբերին նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, տարածաշրջանային երկրներից «նույն նավակի» մեջ էր նաև Վրաստանը:
Երեկ Վրաստանի մի քանի քաղաքագետներ մեզ հետ զրույցում ասացին, որ սրանից Վրաստանը չի տուժի, և որ Հայաստանով կամ առանց Հայաստանի՝ Վրաստանը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կնախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության նախագահ Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ Հայաստանի այս քայլն ամենևին էլ անսպասելի չէր Վրաստանի համար, իրենք սովոր են, որ Հայաստանը կատարի այնպիսի գործողություններ, որոնք Ռուսաստանն է թելադրում. «Հայաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունները շախմատային խաղ են հիշեցնում, որտեղ ակնհայտ է, որ մեկ քայլ հետո Ռուսաստանը Հայաստանին «մատ» է անելու: Որևէ նոր բան մեզ համար չկա, այստեղ ընհակառակը՝ անհասկանալի է, թե ինչու են Հայաստանի արևմտամետ քաղաքական գործիչներն այս քայլն անսպասելի համարում»:
Առնոլդ Ստեփանյանի խոսքերով՝ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը վաղ է խոսել հայ-վրացական հարաբերությունների և դրանց հետագա զարգացման մասին. «Ըստ իս՝ գագաթնաժողովի արդյունքը կլինի այն, որ Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնախաստորագրի, համենայնդեպս՝ մենք այսպիսի հույս ունենք: Դրանից հետո հնարավոր է, որ առևտրային հարաբերություններում պատնեշներ առաջանան, չնայած լավ կլինի որ այն մեր բարեկամական հարաբերությունների վրա չանդրադառնա, ըստ իս՝ դա ոչ մի կողմին էլ ձեռնտու չէ»:
Առհասարակ մեր զրուցակիցը նշեց, որ Վրաստանը հետխորհրդային երկրից վերածվել է արտահայտված արևմտյան արժեքներով ժողովրդավարական երկրի, և այդ գործընթացը դեռ շարունակական կլինի. «Ամեն դեպքում վերջին ընտրությունները դա փաստեցին։ Անկախ նրանից, թե նախագահական ընտրությունները ինչ ելք կունենան, ես կարծում եմ՝ մեր արժեքներին հավատարիմ կմնանք»:










































