Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում հանդիպեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
– Հայտնի է, որ Ռոբերտ Արզումանյանը վնասվածքով է ժամանել հավաքականի ճամբար: Ի՞նչ վիճակում է նա մոտենում խաղին:
– Միանգամից նշեմ, որ հավաքականում գտնվող բոլոր 23 ֆուտբոլիստներն էլ պատրաստ են խաղին:
– Չեխիայի ընտրանու մարզիչը նշեց, որ Հայաստանն անկայուն խաղ է ցուցադրում, հոգեբանական խնդիրներ ունի, ինչի արդյունքում՝ թիմը կարող է պարտվել Մալթային, բայց հաղթել Դանիային: Ի՞նչպես կմեկնաբանեք նրա խոսքերը:
– Ինչ-որ տեղ համաձայն եմ, որ կա հոգեբանական ազդեցություն: Բայց միայն հոգեբանությունը չէ պատճառը, քանի որ կան նաեւ այլ գործոններ: Մենք կարող ենք հաղթել Դանիային, պարտվել Չեխիային, իսկ Չեխիան զիջի Դանիային:
– Չեխիայի հավաքականի մարզիչը շեշտել էր նաև, որ ինքը որոշակի ճնշման տակ է: Այդ առումով, ի՞նչ վիճակ է Հայաստանում:
– Ինչ-որ տեղ իրենց վրա ճնշումն ավելի մեծ է: Ես ավելի շատ մտածում եմ մեր հավաքականի մասին: Միակ ցանկությունը՝ այսօրվա մրցավեճում լավ խաղ ցուցադրելը եւ հաղթելն է:
– Այսօր չեխական ԶԼՄ–ները նշել էին, որ եթե Չեխիան ցանկանում է հաղթել, ապա պետք է մի քանի անգամ դիտեն Դանիա–Հայաստան հանդիպման տեսագրությունը: Արդյո՞ք Դուք փոխել եք մարտավարությունը:
– Խաղերը միմյանց նման չեն եւ յուրաքանչյուր խաղի մենք ընտրում ենք այլ մարտավարություն:
– Լեւոն Հայրապետյանը եւ Հրայր Մկոյանը որքանո՞վ են պատրաստ վաղվա խաղին:
– Նշեցի, որ բոլորը պատրաստ են, իսկ ինչ վերաբերում է ֆունկցիոնալ վիճակին, ապա պետք է կատարենք ընտրություն:
– Ընդլայնված ցուցակում ընդգրկված էին նաեւ Արտակ Դաշյանը եւ Վարդգես Սաթումյանը, սակայն նրանք դուրս մնացին հայտացուցակից: Ի՞նչ կարող եք ասել այդ խաղացողների վերաբերյալ:
– Պետք է իրենք հասկանան, որ մեր ուշադրության կենտրոնում են, պարզապես այս անգամ ընտրվեցին այս 23 խաղացողները:
– Միխալ Բիլեկին հարց էին ուղղել, թե ի՞նչ կլինի, եթե Չեխիան պարտվի, իսկ նա պատասխանել էր, որ իրենք պարտության մասին չեն մտածում: Ի՞նչ կլինի, եթե պարտվի Հայաստանը:
– Մենք էլ չենք մտածում պարտության մասին:
– Հավաքականի մի քանի խաղացողներ տեղափոխվել են Ղազախստան: Ի՞նչ կարծիք ունեք այդ կապակցությամբ:
– Առաջին հայացքից, հասկանում եմ ձեր անհանգստությունը: Բայց ղազախական թիմերի վարկանիշը բարձրանում է, ունեն մեծ բյուջեներ: Երկու թիմեր մոտ էին Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպա լիգայում հայտնվելուն: Վատ բան չեմ տեսնում:
– Ինչպե՞ս եք գնահատում Չեխիայի հավաքականի ներուժը:
– Եթե նայենք վիճակագրությանը, ապա այն մեր օգտին չէ: Չեխիան լավ թիմ է, որն ապացուցեցին Հայաստանում: Բայց ես Երեւանում նշել էի, որ այդ խաղն այնպիսի խաղ էր, որում հաղթելու էր այն թիմը, որն առաջինն էր գոլ խփելու: Շատ գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում Չեխիայի հավաքականը:
– Ձեր՝ «Ով առաջինը գոլ խփի, նա էլ կհաղթի» արտահայտությունը դարձել է թեւավոր խոսք: Կբացատրե՞ք, թե ի՞նչ եք ցանկանում դրանով ասել:
– Ես դա ասել եմ՝ հաշվի առնելով խաղի ընթացքը: Ժամանակակից ֆուտբոլում շատ բարակ է հաղթանակի եւ պարտության միջեւ եղած գիծը: Շատ փոքր բաներ ազդում են խաղի վրա: Հասարակ մի բան. երբ գոլ ես խփում, սկսում ես ավելի վստահ գործել, իսկ դիմացի թիմը, հակառակը, սկսում է նյարդայնանալ, ավելի անհաջող գործել: Նույն՝ Դանիայի հետ խաղում մեր խփած արագ գոլը փոխեց խաղի ընթացքը, քանի որ դիմակայող թիմը փոխում է մարտավարությունը:






































