Մաքսային միությունը արդյունավետ և օգտակար է Հայաստանի տնտեսության համար` երեկ ասել էր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Մինչ այժմ եղած փաստերը կամ հայտնի տվյալները, սակայն, ցույց են տալիս ճիշտ հակառակը: Մաքսային միությունը ոչ միայն որևէ դրական բան չի տա մեր տնտեսությանը, այլև լուրջ խնդիրներ կստեղծի:
1. Հայաստանի ու Ռուսաստանի միջև դեռևս 1993 թվականից գործում են զրոյական մաքսատուրքեր: Զրոյական մաքսատուրքեր են նաև Հայաստանի և ԱՊՀ մյուս երկրների միջև: Այնպես որ, այս առումով որևէ բան չի փոխվելու:
2. Միակ դրական բանը, որ իբր կարող էր լինել, գազի գների փոքր-ինչ նվազեցումն էր՝ Ռուսաստանի կողմից գազի արտահանման հարկի վերացման դեպքում: Արտահանման հարկը, սակայն, Ռուսաստանը հանել է միայն Բելառուսի նկատմամբ՝ Ռուսաստան Բելառուս միության շրջանակներում և ոչ թե Մաքսային միության սկզբունքներից ելնելով:
3. Հայաստանի թիվ մեկ Առևտրային գործընկերը շարունակում է մնալ Երամիությունը: Ռուսաստանին, Ղազախստանին ու Բելառուսին բաժին է ընկնում մեր ապրանքաշրջանառության 23-24%-ը: Սա նշանակում է, որ Հայաստանը ավելի շատ ապրանքներ է արտահանում ու ներմուծում երրորդ (Մաքսային միության մեջ չմտնող) երկրներից: Դրանց զգալի մասի համար գործում են ցածր կամ զրոյական մաքսատուրքեր: Մաքսային միություն մտնելով, սակայն, մենք ստիպված ենք լինելու բարձրացնել այդ մաքսատուրքերը, քանի որ Մաքսային միության՝ այս պահին հաստատված մաքսատուրքերը բավականին բարձր են: Սա հանգեցնելու է Հայաստանում սպառողական ապրանքների գների կտրուկ աճի:
4. Քանի որ Հայաստանը սահման չունի Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանը մտնում է Եվրամիության նախաձեռնած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի, Ռուսաստանից կամ Ղազախստանից Հայաստան մտնող ու ելնող ապրանքները Վրաստանը կմաքսազերծի իր հայեցողությամբ որոշված դրույքաչափերով: Նկատենք, որ Վրաստանի համար տրամաբանական կլիներ սահմանել բավականին բարձր մաքսատուրքեր: Մինչդեռ Վրաստանը ստիպված կլիներ զրոյացնել դրանք, եթե մենք ևս մտնեինք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի:
Բացասական հետևանքների շարքը սրանով, իհարկե, չի սահմանափակվում: Առավել մանրամասն մենք այս հարցին կանդրադառնանք առաջիկա օրերին:








































