ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս պատրաստ չէ փոխել իր դիրքորոշումը Սիրիայի դեմ հնարավոր ռազմական օպերացիայի հարցում, և որ երկիրը ճնշում է գործադրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը՝ Նյու Յորքում համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում ելույթի ժամանակ:
Փաուերի խոսքով՝ Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը հարվածի տակ է դնում միջազգային ճգնաժամերի լուծման ԱԽ համակարգը:
«Նույնիսկ ի դեմս քիմիական զենքի կիրառումն արգելող միջազգային նորմերի ակնհայտ խախտումների՝ Ռուսաստանը շարունակում է պատանդ պահել Անվտանգության խորհրդին և խուսափել իր պարտավորություններից միջազգաին հանրության առջև»,-Փաուերի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը:
Սամանտա Փաուերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր ունեցած ապացույցների հիման վրա ունի օրինական հիմքեր սիրիական հակամարտությունում ռազմական միջամտություն ցուցաբերելու համար՝ առանց ԱԽ համաձայնության:








































