Ազատության հրապարակում սեպտեմբերի 5-ին կայացավ արցախյան մի խումբ ազատամարտիկների հերթական հանրահավաքը: Ազատամարտիկ, հրապարակախոս Սուրեն Սարգսյանը հայտարարեց, որ հանրահավաքը կանցկացնեն «Ժառանգություն» կուսակցության հետ: «Անկախ այն հանգամանքից, թե սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կատարած քայլը բխում էր Հայաստանի շահերից, թե ոչ, պիտի հայտարարեմ, որ Հայաստանին Սերժ Սարգսյանի նման նախագահ պետք չէ: Մենք իրավունք ունենք արդար ընտրության միջոցով երկրում նախագահ ունենալ, ով կունենա ժողովրդի քվեն և աշխարհի բոլոր վայրերում իրավունք կունենա արտահայտելու հայ ժողովրդի կամքը»,- ասաց նա: Այս գերխնդիրը կարգավորելու ճանապարհին ազատամարտիկը կոչ է արեց ազգովի լծվել հայոց աշխարհազորի կայացման գործին:
«Սերժ Սարգսյանը նստած էր Պուտինի կողքին` հենց նոր փայտով ծեծածի տեսքով, իսկ Պուտինը բարկացած ու արհամարհանքով նայում էր Հայաստանի նախագահի վրա, ասել է թե` նա հասկացել էր, որ Սերժ Սարգսյանը փորձում է երկակի խաղ խաղալ, և հիմա կարծես ասում էր` դե հիմա բարձրաձայն ասա»,- ասաց ազատամարտիկը: Նա չբացառեց, որ հետագայում նույն կերպ կվարվեն Եվրոպան ու Ամերիկան: Նա նշեց, որ այս դրության դեմ պայքարելու համար համախմբվել է պետք, և ոչ բողոքել խոհանոցում կամ տաքսիներում: Սարգսյանը նկատեց` դեռ կան հրաշալի մտավորականներ, ովքեր աշխարհազորի կազմավորման գործում իրենց մասնակցությունն են բերելու:
ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանը մի կարևոր խնդիր նշեց, որ բոլոր ժամանակներում է պետք. մենք մեր երկրի տերը պիտի լինենք: «Այսօր կարող է հայտարարություն լինել, որ գուցե մեզ ձեռնտու է, վաղը` այլ. այդ չափանիշները ճիշտ չեն, մենք պետք է կարողանանք տեր լինել: Տիրոջ զգացումն է բացակայում, մենք ունեցել ենք այդպիսի զգացում, բայց ըստ երևույթին՝ կորցրել ենք»,- ասաց նա:








































