Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումը, ինչի արդյունքում զոհվել է մեկ զինվոր: Նա այս արարքն այլանդակ է որակել, քանի որ հարձակումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օրը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը նախօրեին հաղորդել էր, որ ուրբաթ օրը Սիդոն քաղաքի մոտ, որը գտնվում է Բեյրութից 40 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել պայթյուն, երբ այդ տարածքով անցնելիս է եղել ՄԱԿ-ի խաղաղապահների ավտոշարասյունը: Հայտնի է, որ վիրավորվել են մի քանի խաղաղապահներ: Լիբանանյան աղբյուրները հայտնում են, որ կա մեկ զոհ:
«ՄԱԿ-ը սերտ աշխատելու է Լիբանանի իշխանությունների հետ, որպեսզի անցկացվի հանցագործության ամբողջական և արագ հետաքննություն և խաղաղապահների վրա հարձակում գործած մեղավորները պատասխանատվության կանչվեն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:









































