Ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները զայրացրել են Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին։
Ինչպես հայտնի է, իշխող կուսակցության ցուցակում ազգային փոքրամասնությունների ցուցակը գլխավորում էր սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը։ Վերջինս ներկայացված կլինի հաջորդ գումարման Ազգային ժողովում։
Սակայն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը ընդգծեց, որ իրենց շահերը խորհրդարանում չեն ներկայացվի, որովհետև Ռուստամ Մախմուդյանը, նրա բնորոշմամբ, քրդամետ է. «Ռուստամը, իր բարեկամները՝ բոլորը քրդամետ են։ Ինքն էլ էր ժամանակին ասում, որ ինքը քուրդ է, ոչ թե եզդի. սա այսպես չենք թողնելու, բողոքելու ենք, խայտառակություն է, փաստորեն մեր շահերը պաշտպանված չեն լինի խորհրդարանում»,- ասաց Թամոյանը։
Ինքը՝ Մախմուդյանը, սակայն, պնդում է, որ ինքը ազգությամբ եզդի է և դա հաստատող փաստաթուղթ ունի։
Թամոյանն անձամբ երկու հոգու ներկայացրել է, բայց Սերժ Սարգսյանը չի ընդառաջել. «Մեր ուզածով չեղավ։ Ղարաբաղի պատերազմին մասնակցել ենք, 500 մարդ եմ տարել։ Ապրիլյան պատերազմի ժամանակ 5 հոգի զոհվեցին, որոնցից մեկին՝ Քյարամ Սլոյանին, գլխատեցին, բայց մեզ փաստորեն չհարգեցին։ Քրդերին բերել են խորհրդարան, այսպիսի իրավիճակ են ստեղծում»։
Ազիզ Թամոյանը կարծում է, թե Ռուստամ Մախմուդյանը եզդի ազգի համար ոչինչ չի արել. «Ես շատ լավ գիտեմ՝ մեր ազգի համար ով ինչ է արել, ես այսքան տարի է՝ համայնքի նախագահ եմ։ Ռուստամը երբեք եզդիների միջոցառումներին չի մասնակցել։ Հիմա էլ եզդիների անունից է խոսում։ Մենք չենք ընդունում, դա մեզ համար անընդունելի է։ Ամեն տեղ գրել, ուղարկել ենք, այնքան ենք բողոքել, այնքան ենք գրել, որ արդեն հոգնել ենք։ Մեր ասածը հաշվի չեն առնում։ Նույնիսկ մեր գրածներին չեն էլ պատասխանել։ Ձայն բարբառո՝ ոչ մի խոսք։ Նպատակ են դրել եզդիներին քրդացնել։ Հայաստանում եզդիներին քրդացնելու միտում կա։ Այդքան տարի իշխանություններին սատարեցինք, ու հիմա մեզ հետ այսպես վարվեցին»։
Լուսանկարը՝ yezdistan.com-ի





































