Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում արած հայտարարությունից հետո՝ «Հայաստանը ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը», Հայաստանի ներքաղաքական դաշտի մի հատվածը և գործարար հատվածը անթաքույց ցնծության մեջ են: Հասկանալի է, որ այդ հայտարարությունից հետո իրենց քաղաքական հաղթանակն են տոնում ռուսամետ ուժերը և հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, թեև այդ ճամբարից հայտարարություններ էին հնչում, թե՝ «Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքն է» և այլն:
Առավել հրճվանք են ապրում հայրենի այն գործարարները, որոնք Ռուսաստանի հետ ունեն տնտեսական հարաբերություններ՝ այդ երկրից ապրանքներ են ներմուծում կամ արտահանում: Իսկ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է:
Բանն այն է, որ եթե մեր երկիրը չանդամակցի Մաքսային միությանը, այլ նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը և դրա կարևոր մաս հանդիսացող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը, ապա առաջիկա մի քանի տարիներին Հայաստանի ապրանքարտադրության և գործարարության ստանդարտները կհամապատասխանեցվեն եվրոպական ստանդարտներին: Իսկ դա իր հերթին ենթադրում է եվրաստանդարտներին համապատասխան նոր արտադրական տեխնոլոգիաների ներդրում, ինչը մեծ ծախսեր է պահանջում: Եվրոպան մերժում է ընդունել Հայաստանի արտադրանքը, քանի որ այն չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին: Մինչդեռ Ռուսաստանն ու հետխորհրդային որոշ հանրապետություններ այդ խնդիրը չեն դնում: Ուստի մեր երկրի ապրանքարտադրությունն առայժմ բավարարում է ընդամենը մի քանի հանրապետությունների որակական պահանջարկը:
Հայրենի գործարարները, ինչպես հայտնի է, չեն սիրում մեծ գումարներ ծախսել և նոր տեխնոլոգիաներ ներդնել: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանյան ապրանքարտադրողները փորձում են հնարավորինս քիչ ներդրումներ կատարել ոչ միայն իրենց տեխնոլոգիաներն արդիականացնելու, այլև գոնե իրենց ձեռնարկություններում աշխատանքը առավել անվտանգ դարձնելու համար, թեև այդ ներդրումներն ընդամենը մի քանի տարի հետո իրենց ավելի մեծ շահույթներ կբերեն: Քիչ չեն դեպքերը, երբ անվտանգության նորմերին չհամապատասխանող և մաշված սարքավորումների պատճառով վտանգվում է աշխատակիցների կյանքը կամ առողջությունը: Այնպես որ՝ կարելի է վստահաբար ասել, որ այս առումով հայրենի գործարարները, հատկապես օլիգարխիան ցնծության մեջ է:
Իզուր չէ, որ վերջին ամիսներին, երբ սրված էր Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցը, և դրան ընդամենը մի քանի ամիս էր մնացել, հնարավոր չէր որևէ գործարարից մեկնաբանություններ ստանալ, թե արդյոք պատրա՞ստ է այդ դեպքում եվրոպական ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներ ներդնել:
«Առաջին լրատվական»-ը նման մի քանի ձախողված փորձեր արեց Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ ալկոհոլային խմիչք, կաթնամթերք, վերամշակվող գյուղմթերք արտահանող մի քանի գործարարներից պատասխան ստանալու համար, բայց բոլորն էլ խուսափում էին այդ հարցին անդրադառնալ՝ ասելով, թե՝ «պատրաստ չենք այդ հարցին անդրադառնալ», կամ՝ «սպասեք, տեսնենք՝ ինչ է գալիս գլխներիս»:
Մեր շատ գործարարների համար այս հանգամանքը միակ «ձեռքբերումը» չէ, եթե Հայաստանը միանա Մաքսային միությանը և չստորագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Եվրոպան Հայաստանից նաև պահանջում էր ահռելի փոփոխություններ իրականացնել օրենսդրական ոլորտում: Պետք է հարկային-մաքսային, տնտեսական ու իրավական բոլոր ոլորտների օրենքներում այնպիսի փոփոխություններ իրականացվեին, որ դրանք համահունչ լինեին ԵՄ երկրների օրենսդրությանը: Եվ, որ ամենակարևորն է, ԵՄ-ն պահանջելու էր կիրառել այդ օրենքները, ինչը պետք է ենթադրեր, որ ստվերային տնտեսություն վարողներն իրենց գործունեությունը պետք է տեղափոխեին օրենսդրական դաշտ: Այս երկրորդ պահանջը հատկապես դուր չէր գալիս հայրենի օլիգարխիային, որովհետև նրանք կարողանում են բարգավաճել միայն ստվերում, հարկային դաշտից դուրս՝ արտոնյալ պայմաններում: Ազատ մրցակցության պայմաններում նրանց մեծ մասը պարզապես կոչնչանար, լավագույն դեպքում դիրքերի մի մասը կզիջեր ավելի քաղաքակիրթ, գրագետ և օրինական դաշտում աշխատելը նախընտրող գործարարներին:
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ տնտեսական հարաբերությունների դեպքում նրանց չի սպառնում այդ «վտանգը»: Ուստի հայրենի օլիգարխիան առայժմ կարող է խորը շունչ քաշել՝ մինչև պարզ կդառնա, թե ՀՀ իշխանությունները վերջնականապե՞ս են հրաժարվում եվրաինտեգրումից և առավել խորացնում են հարաբերություններն ու կախվածությունը Ռուսաստանից:










































