Սիրիայում հակամարտությունը հասել է այնպիսի մասշտաբների, որ դրա կարգավորմամբ պետք է զբաղվեն ոչ թե ՄԱԿ ԱԽ-ում, այլ համաշխարհային առաջնորդների մակարդակով՝ կարծում է համաշխարհային կազմակերպությունում Ավստրալիայի մշտական ներկայացուցիչ Գերի Քուինլենը, ով սեպտեմբերին նախագահում է ԱԽ-ում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Միանգամայն պարզ է, որ անհրաժեշտ է զբաղվել այդ հարցով ավելի բարձր՝ առաջնորդների մակարդակով: Տեսնենք կստացվի՞ պայմանավորվածությունների հասնել Սանկտ Պետերբուրգում՝ «քսանյակի» գագաթնաժողովին: Կարծում եմ՝ դա հաջորդ փուլն է»,- ասել է նա լրագրողներին: Նրա կարծիքով՝ ֆորումին պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև Սիրիայի հարցով «Ժնև 2» խաղաղ համաժողովի գումարման նախապատրաստմանը:
G20-ի գագաթնաժողովն առաջին հերթին տնտեսական և գլոբալ զարգացման հարցերի քննարկման հարթակ է, սակայն մասնակիցները վերջին օրերին պատրաստակամություն են հայտնել գագաթնաժողովի ընթացքում քննարկել Սիրիայի հարցը:
Սիրիական հարցը գագաթնաժողովի ժամանակ բարձրացնելու մտադրության մասին այս շաբաթ հայտնել էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:










































