Սիրիացիների թիվը, ովքեր ստիպված են եղել լքել հայրենիքն ու տեղավորվել Թուրքիայում փախստականների ճամբարում, գերազանցել է 200 հազարը, իսկ ճամբարներից դուրս բնակվողների թվի գումարմամբ՝ ընդհանուր թիվը գերազանցում է 500 հազարը: Ինչպես հայտնում է Hurriyet-ը՝ Թուրքիայի որոշ նահանգներում սիրիացի փախստականների թիվը գերազանցում է տեղի բնակչությանը:
Երկրի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սիրիայի քաղաքացիները տեղավորված են 20 վրանային և կոնտեյներային ավաններում: Փախստականների թվում 45 հազարը երեխաներ և դեռահասներ են: Բացի այդ, 2.5 տարում Թուրքիայում փախստականները ծնել են ավելի քան 5600 երեխա:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն չորեքշաբթի Ժնևում հայտարարել է, որ փախստականների հետ կապված ճգնաժամային գործընթացները նոր խթան են ստացել Սիրիայում լարվածության հերթական ալիքի պատճառով:
Վրանային ավաններում փախստականների թիվը վերջին մի քանի ամիսներին գրեթե չի փոխվել: Սակայն ավելի շատ սիրիացիներ են գալիս Թուրքիա՝ բնակարան վարձակալում կամ բնակվում հարազատների մոտ: Փախստականների նման հոսքը սահմանային նահանգներ առաջացնում է տեղի բնակչության մի մասի դժգոհությունը: Սիրիայում անկայունության 2.5 տարում Թուրքիան փախստականների կարիքների համար ծախսել է մոտ 1 միլիարդ դոլար:









































