Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ թե՛ 2009-ի համաներումը, թե՛ օրեր առաջ հայտարարված համաներումը անմիջականորեն կապված են քաղաքական գործընթացների հետ:
«Երկու համաներումներն էլ լիովին կապված են 2008 թ. մարտի 1-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ: 2 տարում երկու համաներում է կիրառվել, և դա հենց այնպես չի կարող լինել՝ դա ներքին ճնշումների, հետևողական պայքարի և արտաքին որոշումների, արտաքին պահանջների արդյունք էր»:
Ըստ Սաքունցի՝ այս քայլերն ուղղված էին քաղաքական խնդիրների լուծմանը, անկախ այն բանից, թե իշխանական քաղաքական գործիչները դա կընդունե՞ն, թե՞ ոչ:
«Քաղբանտարկյալների բացակայությունը չի կարող մթնոլորտի լիցքաթափման, քաղաքական գործընթացներ սկսելու նախապայման հանդիսանալ, քանի դեռ հիմնական խնդիրները լուծված չեն, օրինակ, Մարտի 1-ի բացահայտումը»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ նույնիսկ այս պահին ազատության մեջ գտնվողների իրավունքները մնում են խախտված, քանի որ նրանց չեն արդարացրել. «Այսինքն՝ բոլոր այն գործերը, ուր ակնհայտ ապօրինի դատական վճիռներ են կայացվել, ապօրինի մեղադրանքներ առաջադրվել, անպայման պետք է վերանայվեն, և այն մարդիկ, որոնք չեն կատարել այդ արարքները, որոնց հիման վրա նրանց մեղադրել են, պետք է լիովին արդարացվեն»:










































