Վերջերս համաշխարհային շուկայում նավթի գների աննշան, բայց այնուամենայնիվ անկում է նկատվում։ Երբ նավթի գներն աճում էին, բենզինի գները Հայաստանում ևս սկսեցին աճել։ Սակայն այժմ բենզինի գները չեն արձագանքում նավթի գների անկմանը։ Ինչո՞վ կարող է սա պայմանավորված լինել։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ նախևառաջ սա պայմանավորված է այս շուկայի մենաշնորհմամբ։
«Երբ երկու հոգի է Հայաստան բենզին ներմուծում, պետք չէ սպասել, թե շուկայում կարող է մրցակցություն լինել և գինը չհամաձայնեցվել։ Նույնը վերաբերում է հացահատիկի, շաքարավազի և բազմաթիվ այլ շուկաներին»,- ասաց Վ. Խաչատրյանը։ Սակայն մյուս կողմից էլ, ըստ Վ. Խաչատրյանի, դրամի շարունակական արժեզրկումը ավելացնում է ներմուծողների ծախսերը, այնպես որ` քիչ է հավանական, որ նավթի համաշխարհային գների այս ոչ շատ մեծ անկումը ավելացնի բենզին ներմուծողների շահույթները։