«168 ժամ»-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, մտադիր է 2012 թ. խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը: Այդ գործում նրան օգնում է մարզպետն անձամբ: Ս.Սահակյանը, սակայն, երեկ թերթի հետ զրույցում չի հաստատել այդ ցանկությունը: «Ես ՀՀԿ անդամ եմ, իմ կուսակցությունն ում թեկնածությունն առաջադրեց՝ նրան էլ կպաշտպանեմ»,- ասել է մարզպետը:
Մինչդեռ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի «168 ժամ»-ի աղբյուրները փոխանցում են, թե Ն. Սահակյանն արդեն սկսել է իր նախընտրական գործունեությունը, և դա առայժմ քողարկված կերպով տանում է իր հիմնադրած «Հայդուկ» կազմակերպության միջոցով: Ս.Սահակյանը հաստատել է, որ եղբայրը նման կազմակերպություն է հիմնադրել, բայց հերքել, թե նա նախընտրական գործունեություն է ծավալում:
«Աշտարակում շատերը խոսում են, թե Ս. Սահակյանն ու եղբայրը տարբեր շրջանակներում հաճախ հայտարարում են, թե մարզպետ դառնալու համար մի քանի հարյուր հազար դոլար կաշառք են տվել: Ընդ որում, այդ փողը եղբորը տվել է Ն.Սահակյանը: Աշտարակում նաև խոսում են, թե այդ փողը եղբորը վերադարձնելու համար Ս. Սահակյանը յուրահատուկ ձև է գտել՝ մարզի բյուջետային կամ արտաբյուջետային բոլոր ծրագրերը, թեև մրցույթային կարգով, բայց տրամադրում Է եղբոր ընկերություններին»,- հայտնում է «168 ժամ»-ը և հավելում, որ Ս. Սահակյանը հերքել Է նաև այս լուրերը:









































